22 փետրվարի 2002 - 20:43 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ
«Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո-քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հայտարարել է, որ հայկական իշխանությունները «գիտեն միջազգային միջնորդների նոր առաջարկությունների մասին», սակայն ծանոթ չեն դրանց կոնկրետ բովանդակության հետ: Մինսկի խմբի համանախագահները մտադիր են ծանոթացնել դրանց հետ հակամարտության կողմերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում, որը տեղի կունենա մարտի սկզբին: Աղաջանյանի կարծիքով, մինչ այդ աննպատակահարմար է մեկնաբանել նոր առաջարկները: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դը Սյուրմենը հաղորդել է, որ համանախագահները ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից, առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում, մտադիր են նոր առաջարկնր անել, որոնք կտարբերվեն նախորդներից իրենց կոնկրետ բովանդակությամբ եւ թույլ կտան բանակցային գործընթացը դնել ճիշտ ուղու վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: