4 դեկտեմբերի 2009 - 14:43 AMT
UNICTAD. Ֆինանսական ճգնաժամը հաղթահարված չէ
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Մոսկվայի Տնտեսության բարձրագույն դպրոցի UNICTAD (ՄԱԿ-ի առեւտրի ու զարգացման խորհրդաժողով, Ժնեւ) տեսախորհրդաժողովը: Խորհրդաժողովը նվիրված էր 2009թ. սեպտեմբերին լույս տեսած ՄԱԿ-ի առեւտրի ու զարգացման կոմիտեի «Առեւտուր եւ զարգացում-2009» զեկույցի շնորհանդեսին ու քննարկմանը, որի հիմնական թեման համաշխարհային ճգնաժամն է եւ ձեռնարկվող կարճաժամկետ միջոցների գնահատականը:
Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Մոսկվայից, «Առեւտուր եւ զարգացում» զեկույցը հրապարակվում է ամեն տարի 1996թ. ի վեր եւ ներկայացնում է իրենից համաշխարհային տնտեսության զարգացման միտումների վերլուծությունը եւ տնտեսական քաղաքականության խնդիրների տեսությունը: Քննարկմանը մասնակցել են զեկույցի հեղինակ Հեյներ Ֆլասբեկը, Գերմանիայի ֆինանսների նախարարի նախկին տեղակալ եւ UNICTAD-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Լյակիշեւը:
Հատկանշական է, որ զեկույցի քննարկումը տեղի է ունենում նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը ԱՀԿ նախարարական խորհրդաժողովի ֆոնի վրա, նշել է Լյակիշեւը: Ճգնաժամը դեռեւս չի հաղթահարվել, քանի որ նրա առաջացման համար հիմք ծառայած խնդիրները դեռեւս լուծված չեն, գտնում է Ֆլասբեկը: Զեկույցի հեղինակը չի կիսում այն կարծիքները, թե վերջին ճգնաժամը դարձավ շուկայական տնտեսության ճգնաժամ: Հակառակը, նա կարծում է, թե այն, որ ճգնաժամային երեւություները դրսեւորվեցին հենց ֆինանսական շուկայում, չի նշանակում թե տնտեսության շուկայական մոդելը չկայացավ: Ֆլասբեկը գտնում է նաեւ, որ ճգնաժամը հաղթահարելու նպատակով, անհրաժեշտ է առավել արդյունավետորեն կանոնակարգել դրամական ներդրումները:
Անդրադառնալով ճգնաժամի հաղթահարման համար ձեռնարկվող միջոցներին` Ֆլասբեկը նշել է, որ կառավարությունների կայունացնող ծրագրերը բավական արդյունավետ եղան` բանկերը նորից սկսել են շահույթ ստանալ: Սակայն գլոբալ տնտեսական քաղաքականության մեջ չեն մշակվել ֆինանսական շուկաների կարգավորման նոր մեխանիզմներ, որոնք հիմնականում հիմնված են մեքենայությունների վրա, իսկ դա նշանակում է, որ տնտեսությանը նոր «պղպջակներ» են սպասվում, որոնք կարող են վաղ թե ուշ պայթել:
Զարգացող երկրներում, Արեւելյան Եվրոպայում դժվար էր ակնկալել տնտեսության արագ վերականգնում: Էներգետիկ եւ պարենային շուկաներում ակնկալվում է գների անկայունություն, իսկ գների կտրուկ տատանումների նվազեցմանն ուղղված միջոցներ չձեռնարկվեցին: Նման պայմաններում զարգացող եւ էներգակիրների արտահանումից կախված երկրների տնտեսությունը հետագայում եւս կարող է ենթարկվել ճգնաժամային երեւույթների: Անհրաժեշտ են առավել կոշտ միջոցներ ճգնաժամի հաղթահարման համար, գտնում է Ֆլասբեկը: Ինչ վերաբերում է անցումային տնտեսությամբ երկրներում ստեղծված իրավիճակին , նրանց համար գլխավոր խնդիրներից մեկն է մնում արժութային համակարգի կանոնակարգման հարցը: Ստեղծված իրավիճակում պետք է մտածել նոր արժութային համակարգի ստեղծման մասին, գտնում է Ֆլասբեկը: