ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՄՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը փետրվարի 3-ից բուժման նպատակով գտնվելով Կլիվլենդում, հեռուստատեսությամբ դիմել է ադրբեջանական ժողովրդին: Դիմումը հաղորդվել է երեկ պետական հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: Դիմումում Ալիեւն ասել է, որ փետրվարի 14-ի վիրահատությունից հետո նա անցնում է վերականգնողական շրջան: «Ենթադրում եմ, որ մի քանի օրից վերականգնողական շրջանը կավարտվի եւ ես կվերադառնամ հայրենիք»,- ասել է Ալիեւը: Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ում գտնվելու ողջ ժամանակահատվածում նա Ադրբեջանից տեղեկատվություն է ստանում առօրեաբար եւ տալիս է համապատասխան կարգադրություններ: Ալիեւի խոսքերով` նա մշտական կապ է պահպանում Միլլի Մեջլիսի նախագահի, վարչապետի, նախագահական վարչակազմի ղեկավարի, ուժային նախարարների եւ այլ անձանց հետ: Ավարտին նախագահն ասել է, որ իր առողջության կապակցությամբ «անհանգստություններն ու կասկածները » անհիմն են, նա «իրեն զգում է ավելի լավ, քան առաջ» եւ հույս ունի շուտ ապագայում հանդիպել հայրենակիցներին: Սակայն տեղի ԶԼՄ-ները ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ տեսահոլովակում Ալիեւը կոստյումով է եւ նման չէ նոր վիրահատություն տարած մարդու: Հիվանդանոցից նախկին բոլոր լրահաղորդումներում Ալիեւը հեռուստադիտողներին էր ներկայանում հիվանդանոցային հագուստով: Հիշեցնենք, որ Կլիվլենդից ստացվող հակասական տեղեկությունների պատճառով Ադրբեջանի ղեկավարությունում իսկական խուճապ է սկսվել: «Յենի Մուսավաթ» թերթը, մասնավորապես, տվյալներ ունի այն մասին, որ երկրի մի քանի բարձրաստիճան անձիք արտասահման են ուղարկում իրենց ընտանիքի անդամներին եւ ունեցվածքը: Տեղեկատվություն կա Մեծ Բրիտանիայի ուղղությամբ ավիաուղիներում բազմաքանակ տոմսերի ամրացագրման մասին: «Հուրրիեթ» թերթը գրում է, որ Կլիվլենդում կատարված վիրահատությունը շատ ծանր է անցել եւ Հեյդար Ալիեւը իր կտակն է հայտարարել մոտիկ հարազատներին: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ռասուլ Գուլիեւը «Յենի Յուզիլ» թերթին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանում իշխանության սպասվող փոփոխության մասին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---