Քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը Մոսկվայում պարգեւատրվել է «Տաղանդ եւ կոչում» մեդալով

PanARMENIAN.Net - Հայ քանդակագործ, խաչքարի վարպետ Վարազդատ Համբարձումյանը 2009 թվականի դեկտեմբերի 29-ին Մոսկվայում կայացած «Մշակույթների երկխոսություն, խաղաղություն արվեստի միջոցով» ամենամյա միջազգային ցուցահանդեսում պարգեւատրվել է «Տաղանդ եւ կոչում» մեդալով: Ցուցահանդեսին հրավիրված էին ավելի քան 100 նկարիչներ եւ քանդակագործներ ամբողջ աշխարհից: Հայ քանդակագործը ցուցահանդեսում իր 3 աշխատանքներն էր ներկայացրել:



«Բայց եթե մնացած հեղինակները ներկայացնում էին միայն իրենց եւ իրենց աշխատանքը, ապա ես կրկնակի պատասխանատվություն էի կրում` իմ խաչքարերով ես ցուցահանդեսում ներկայացնում էի քրիստոնեական Հայաստանը»,- հունվարի 18-ին կայացած մամլո ասուլիսում ասաց Վարազդատ Համբարձումյանը: Նա հաղորդեց նաեւ, որ «Խաղաղապահ» դաշինքը ցուցահանդեսի օրը մեծ շոու էր կազմակերպել, որտեղ պարգեւատրվեցին նաեւ Ռուսաստանի արվեստի, մշակույթի ու սպորտի գործիչներ:



Ժողովրդական վարպետ Վարազդատ Համբարձումյանը ավելի քան 400 խաչքարերի հեղինակ է: Նրա հեղինակային խաչքարերը կանգնեցված են Հայաստանում, Հունաստանում, Շվեյցարիայում, Ուկրաինայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, ԱՄՆ-ում` Ֆրեզնոյում, Նովոսիբիրսկ քաղաքի կենտրոնական հրապարակում եւ այլ վայրերում: Մի քանի խաչքարեր` ի հիշատակ Արցախում զոհվածների կանգնեցված են Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտի բակում, Մանկավարժական համալսարանի դիմաց, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում: Շուշի տանող ճանապարհին քաղաքի ազատագրման հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցված: Վարպետի խաչքարերի մեծ մասը գտնվում է Երեւանում, որտեղ հեղինակն իր մեծ ընտանիքի հետ միասին (ընտանիքում 5 երեխա կա) ապրում եւ ստեղծագործում է:



«Խաղաղապահը» Միջազգային երիտասարդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակը երիտասարդության բարոյական, մշակութային եւ ֆիզիկական զարգացումն է, Հայրենիքին ծառայելու համար հիմքերի ստեղծումը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---