Դեւիդ Ֆիլիպս. Արձանագրությունների վավերացումը բխում է Թուրքիայի ազգային շահերից

PanARMENIAN.Net -
Այսօր Թուրքիայի ղեկավարության առջեւ ծառացած են լուրջ մարտահրավերներ, որոնք կապված են ոչ միայն Արձանագրությունների, այլ նաեւ քրդական խնդրի հետ: Այդ մասին Երեւանում կայացած «Խոսելով անցյալի մասին» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսի ընթացքում ասել է գրքի հեղինակ, 2001-2004 թթ. գործող TARC թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի նախագահ, ամերիկացի փորձագետ Դեւիդ Ֆիլիպսը: Վերջերս Թուրքիա այցելած փորձագետի խոսքերով, Թուրքիայի վարչապետի վարկանիշը նվազել է 45%-ից հասնելով 35%: Իսկ դա նշանակություն ունի, մասնավորապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ Թուրքիայում շուտով կայանալու են խորհրդարանական ընտրություններ:



Ֆիլիպսի խոսքերով, հայ-թուրքական գործընթացում շատ անորոշ պահեր կան, որոնք կարող են հարցականի տակ դնել Արձանագրությունները վավերացնելու Անկարայի պատրաստակամությունը: Օրինակի համար, Թուրքիան հայ-թուրքական գործընթացը շաղկապում է ղարաբաղյան խնդրի հետ: Սակայն Արձանագրություններում ոչ մի բան չի ասված Ղարաբաղի եւ ԵԱՀԿ ՄԽ-ի մասին: Եւս մեկ անորոշություն է պատմական հանձնաժողովի մասին հարցը, որը նախատեսված է Արձանագրություններում: «Թուրքական կողմը կարծում է, որ հանձնաժողովը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության հարցի քննարկումներով: Սակայն, ես չգիտեմ ոչ մի հայ քաղաքական գործչի, որը կհամաձայնվեր մասնակցել այդ գործընթացին», նշել է նա:



«Իմ կարծիքով, Հայաստանի ղեկավարությունը պետք է ցույց տա, որ Երեւանը պատրաստ է ընթանալ առաջ: Օրինակի համար, խորհրդարանում վավերացնելով Արձանագրությունները», - ասել է Ֆիլիպսը:



«Ես հույս ունեմ, որ Թուրքիան կհասկանա, որ Արձանագրությունների վավերացումը բխում է իր ազգային շահերից», - ավելացրել է նա:



Դեւիդ Ֆիլիպս 2001-2004 թթ. Թուրքիայում եւ Կովկասում ղեկավարել է քաղաքացիական դիվանագիտության ծրագիրը: TARC թուրք-հայկական համաձայնեցման հանձնաժողովի նախագահն է:



Հաշտեցման հանձնաժողովը գործել է 2001 թ-ի հուլիսից մինչեւ 2004 թ-ի ապրիլը: Հանձնաժողովի աշխատանքը ձախողվել է այն պատճառով, որ Թուրքիան չի ցանկացել ընդունել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում էր միջամտել ղարաբաղյան հակամարտությանը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավուդօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:



Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---