4 փետրվարի 2010 - 20:27 AMT
«Ժառանգություն» կուսակցությունը չի հասկացել թե ինչ պայքարի մեջ է մտել


«Մենք «Ոչ» բողոքի շարժումն սկսեցինք, որպեսզի կանխենք Հայաստանի ԱԺ-ում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վավերացումը ներկա տեսքով», - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքերի համաձայն, ՀՅԴ-ն նախկինում գրքույկ էր տարածել, որի մեջ առաջարկություն կար արձանագրություններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին, որպեսզի կանխվի թուրքական կողմի ներկայացրած նախապայմանների իրականացումը: «Մենք սկզբից եւեթ ասում էինք, որ Դաշնակցությունը արձանագրությունների վավերացմանը կողմ կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանի ղեկավարությունը ընդունի մեր առաջարկությունները», - ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավորը:

Ռուստամյանն ավելացրել է, որ ՀՅԴ առաջարկած փոփոխություններն արձանագրությունների մեջ մտցնելու դեպքում, Հայաստանին ուղղված բոլոր սպառնալիքները կվերանան: «Մենք «Ոչ» բողոքի շարժման բոլոր մասնակիցների հետ, այդ թվում նաեւ «Ժառանգություն» կուսակցության հետ պայքարը սկսեցինք այս տրամաբանությունից ելնելով: Հիմա, երբ «Ժառանգությունը» հանդես է գալիս արձանագրությունների վավերացման դեմ ընդհանրապես, նույնիսկ մեր առաջարկած վերապահումներից հետո, դա մեր սկսած պայքարի տրամաբանությունից դուրս է», - ընդգծել է Արմեն Ռուստամյանը:

Նա նաեւ նշել է, որ վերը ասվածից հետեւում է, որ «Ժառանգություն» կուսակցությունը չի հասկացել, թե ինչ պայքարի մեջ է մտել: «Քանի որ արձանագրությունների վերապահումներով վավերացման դեպքում բոլոր սպառնալիքները կվերանան, արձանագրությունների պայմանները միայն կլինեն` սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Եթե այս էլ ընդունելի չէ «Ժառանգության» համար, ուրեմն այս կուսակցության ներկայացուցիչները դեմ են ընդհանրապես Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն», - մանրամասնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը:

ՀՅԴ հետագա գործունեության վերաբերյալ Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ խմբակցությունը շուտով ՀՀ ԱԺ օրակարգի մեջ լրացումներ մտցնելու մասին օրինագիծ է ներկայացնելու, որպեսզի խորհրդարանը վերապահումների իրավունք ունենա: «Եթե այս օրինագիծը չընդունվի, ապա մենք նախագահից պահանջելու ենք, որպեսզի արձանագրությունները Ազգային Ժողով ներկայացվի միայն վերապահումներով: Եթե այս էլ չհաջողվի, ապա մենք ավելի ուժեղ պայքարով կձախողենք արձանագրությունների վավերացումը», - ասել է նա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: