Հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո Վրաստանը կզրկվի բեռնափոխադրման մենաշնորհից

PanARMENIAN.Net -
«Վրաստանը շահագրգռված չէ հայ-թուրքական սահմանի բացմամբ, քանի որ զրկվելու է դեպի Հայաստան բեռնափոխադրման իր մենաշնորհից», - փետրվարի 3-ին հայտարարել է Հայաստանի ԱԺ պատգամավոր «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքերի համաձայն, սահմանի բացման դեպքում Վրաստանը նաեւ պետք է վերանայի իր մաքսային հարկերը:



«Վրաստանը սխալվում է, եթե կարծում է, որ «Վերին Լարս» ՀԱԿ-ի բացումը միայն Հայաստանի համար է շահավետ, քանի որ այդ ճանապարհով միայն հայկական ապրանքն է տեղափոխվում: «Վերին Լարսի» բացումով Վրաստանը կդառնա տարանցիկ երկիր», - ասել է Շիրակ Թորոսյանը: Նա նաեւ ընդգծել է, որ այդ ճանապարհով վրացական շատ բեռներ, օրինակ` վրացական գինի, հանքային ջուր, կտեղափոխվեն, որը չափազանց շահավետ կլինի Վրաստանի համար:



Վերին Լարս` Հյուսիսային Օսիայում Վրաստանի ռազմական ճանապարհին ռուս-վրացական սահմանի շրջանում տեղակայված ռուսական հսկիչ անցագրային կետ: Այս ՀԱԿ-ում տիրող իրավիճակը բազմաթիվ անգամ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բախումների առիթ է տվել: Առավել լուրջ հակամարտություն սկսվեց 1990-ականներին` կապված ռուսական սահմանային միջոցառումների հետ, որոնք խոչընդոտում էին Վրաստանից Ռուսաստան անօրինական սպիրտի տեղափոխումը:



Վրացական կողմը սովորաբար յուրաքանչյուր գործողություն ընդունում է որպես քաղաքական ճնշում:



Վերին Լարսի անցագրային կետը փակվել էր 2006 թ. հուլիսի 8-ին: Հյուսիսային Օսիայի բնակիչները, որոնք ծագումով Վրաստանի Կազբեկի շրջանից են եւ Վերին Լարսի այդ հատվածում ունեն ազգակցական կապեր ու տնտեսություններ, զրկվել են սահմանն անցնելու հնարավորությունից:



2009 թ. մայիսի 5-ին ավարտվեց Հյուսիս Օսիայի մաքսակետի Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցագրային կետի շինարարությունը:

ՀԱԿ-ի բացումը նախատեսված է ավարտել 2010 թ. մարտի 1-ին:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---