ՀՀ կառավարության նիստը բացելով եւ ամփոփելով 2009 թ. գործունեության արդյունքները, վարչապետ Տիգրան Սարգսյանը չորս բնագավառում` տնտեսական, սոցիալական, առողջապահության եւ ոստիկանության աշխատանքներում նշել է գրանցված հաջողությունների մասին:
Նրա խոսքերի համաձայն, ՀՀ պետեկամուտների կոմիտեի գործունեության արդյունքում ՀՀ կառավարությունը կարողացել է 2009 թ. կրճատել սակագների բարձրացումը:
Կառավարության մյուս հաջողությունը, ըստ Տ. Սարգսյանի, առողջապահության բնագավառում է գրանցվել: «Շնորհիվ ծնելիությանը ցուցաբերած պետական ծրագրի աջակցության, 2008 թ. համեմատությամբ 2009 թ. 3 հազ.-ով ավելացել է ծնելիությունը», - նշել է նա:
Կառավարության սոցիալական ծրագրում իրականացվել են աննախադեպ միջոցառումներ: 14 տոկոս տնտեսական անկում ունենալով, կառավարությունը ոչ միայն բարձրացրել է թոշակները 16 տոկոս եւ 12 տոկոս` սոցիալական նպաստները, այլեւ 300.000 դրամ ավելացել է երրորդ երեխայի ծննդյան համար վճարվող գումարը, իսկ հաջորդ երեխայի ծննդյան համար այդ գումարը ավելացել է մինչեւ 430.000 դրամ: Բացի դրանից, ճգնաժամային տարվա ընթացքում երեխայի խնամքի համար տրվող նպաստն ավելացել է 3000-18.000 դրամ: «Երեխաների ծննդյան համար տրվող միագումար նպաստը 35.000 դրամից աճել է 50.000, ինչը, բնականաբար, դրականորեն էազդել սոցիալական իրավիճակի վրա», - նշել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը խոսել է նաեւ ոստիկանության աշխատանքի մասին: «Յոթ տարվա ընթացքում առաջին անգամ գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում. 2008 թ. համեմատ` նվազել է 84-ով, իսկ մարմնական վնասվածք ստացածների թիվը նվազել է 372 մարդով», - ավելացրել է նա:
2010 թ. հունվարի 20-ից Հայաստանի կառավարությունում սկսվել են նախարարների եւ կառավարությանը կից ղեկավար մարմինների հաշվետվությունները` 2009 թ. նրանց գործունեության մասին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն, հաշվետվություններում պետք է ներկայացված լինեն ոչ միայն հաշվետու ժամանակահատվածում նրանց կատարած աշխատանքներն ու դրանց արդյունքները, այլեւ չկատարված աշխատանքների պատճառներն ու թերությունները, այդ թվում նաեւ`ՀՀ կառավարության 2009 թ. հունվարի 15-ի N 40-H եւ 2009 թ. դեկտեմբերի 24-ի N1523-H որոշումներով հաստատված ներածությունների մեջ ներգրավված միջոցառումների մասով:
Հաշվետվությունները կհրապարակվեն նախարարությունների եւ ՀՀ կառավարությանը կից ղեկավար մարմինների կայքէջերում: