24 փետրվարի 2010 - 18:42 AMT
PanARMENIAN.Net -
Մարտի 1-ին Բեռլինի ֆիլհարմոնիայի դահլիճում կկայանա Բեռլինի Հայ եկեղեցական ու մշակութային համայնքի նորաստեղծ երգչախմբի համերգը: Երգչախումբը բաղկացած է 20 հոգուց:
«Մենք Բեռլինի ֆիլհարմոնիայից «Մշակույթների երկխոսություն» նախագծին մասնակցելու հրավեր ստացանք եւ ընդունեցինք այն, քանի որ դա այլ երկրների եւ ժողովուրդների մշակույթին ծանոթանալու լավ մեթոդ է»,- նշեց Բեռլինի եւ հյուսիսային Գերմանիայի Հայ եկեղեցական ու մշակութային համայնքի հոգեւոր առաջնորդ, վարդապետ Եղիշե Ավետիսյանը:
Նրա խոսքով, համերգին կմասնակցեն Գերմանիայի քրդական, ասորական համայնքների երգչախմբերը:
«Մենք Կոմիտասի երգերն ենք կատարում եւ հույս ունենք ընդլայնելու մեր երգացանկը: Բացի դրանից, համերգին հնարավոր է թուրքական «Kardeş Türküler» խմբի եւ «Armenian Navy Band» հայկական խմբի մենակատար Արտո Թունչբոյաջյանի մասնակցությունը, մենք միասին մի քանի երգ կկատարենք, բայց դեռեւս հայտնի չէ, թե որ լեզվով»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց երգչախմբի ղեկավար Սեդա Պեշիկթաշլյանը: