Մարտի 16-18-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը

PanARMENIAN.Net - Մարտի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողով:

Ժողովի օրակարգում անդրադարձ եղավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով մարտի 16-18-ը պաշտոնական այցով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանում կգտնվի Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը:

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամլո դիվանը, մարտի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի Կիրիլ Պատրիարքի բարիգալստյան «Հրաշափառի» արարողությունը, ապա ներկայությամբ երկու Հայրապետների կկնքվի Սերգիև Պասադի և Էջմիածնի քույրացման համաձայնագիր: Այնուհետև երկու Հովվապետերը ծաղկեպսակ կդնեն Էջմիածնից Օշական տանող ճանապարհին գտնվող 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին։

Մարտի 17-ին նախատեսվում է այց Ծիծեռնակաբերդ, Հայոց Ցեղասպանության թանգարան և ծառատունկ «Հիշողության» պուրակում: Նույն օրը Ամենայն Հայոց Հայրապետը և Համայն Ռուսիո Պատրիարքը կայցելեն Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, ուր հանդիպում կունենան Հայաստանի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ: Ապա Եր—անի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի կունենա գոհաբանական աղոթք: Մարտի 17-ին երկու Եկեղեցիների պետերը հանդիպում կունենան նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---