Հայաստանում է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել ՀՀ Ազգային ժողովում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին միջպետական, մասնավորապես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, եվրաինտեգրման գործընթացներին վերաբերող հարցեր: Վոյցեկ Ֆիլիպը, կարեւորելով տնտեսական հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ հայ պաշտոնակցի առաջարկը, համագործակցության ուղղությունները քննարկելու եւ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար տնտեսական հարցերով զբաղվող ԱԺ պատգամավորներին հրավիրեց Չեխիայի խորհրդարան: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների վավերացմանը: Քննարկվեցին նաեւ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ տարածաշրջային խնդիրներին առնչվող այլ հարցեր:

Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպեցին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ: Հանձնաժողովի նախագահը փաստեց, որ անվտանգ եւ կայուն տարածաշրջան ունենալու համար պետք է ունենալ բնականոն հարաբերություններ բոլոր հարեւան պետությունների հետ, նշելով, որ Ադրբեջանը հետեւողականորեն խոչընդոտում է գործընկերության կարեւոր բաղադրիչներից մեկին` գործընկեր երկրների միջեւ հարաբերություններին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործնական հիմքերի վրա դնել երկու խորհրդարանների եվրաինտեգրման հանձնաժողովների միջեւ փոխգործակցությունը:

Չեխական պատվիրակությունը հանդիպեց նաեւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ: Հանձնաժողովի նախագահը արժեւորեց երկու երկրների միջեւ տնտեսության զարգացմանը միտված համաձայնագրերի վավերացումը: Արմեն Ռուստամյանը նշեց, որ Եվրոպային ինտեգրումը մեր երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից է` այս առումով օգտակար համարելով չեխական փորձը: Վ.Ֆիլիպի խնդրանքով Արմեն Ռուստամյանն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական արձանագրություններին: Նա եւս մեկ անգամ համոզմունք հայտնեց, որ արձանագրությունները պետք է միտված լինեն միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը ու Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ քաշելու հնարավորություններ չպետք է ունենան:

Մարտի 4-ին Չեխիայի խորհրդարանի պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում, այցելեցին Ցեղասպանության թանգարան, իսկ Ազգային ժողովի այգում ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---