Ահմետ Դավուդօղլու. Երրորդ երկրները չպետք է միջամտեն հայ-թուրքական գործընթացին

PanARMENIAN.Net - Թուրքիան շարունակում է հանդես գալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի դեմ: Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավուդօղլուն հանդես է եկել հայտարարությամբ: «Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը հնարավոր է բանակցությունների ճանապարհով: Երրորդ կողմի միջամտությունը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին բարդացնում է տվյալ գործընթացը»,- ընդգծել է Դավուդօղլուն: «Թուրքիան ճնշման տակ որոշումներ չի ընդունի: Երեկվա որոշումը ոչ միայն դանդաղեցրեց կարգավորման գործընթացը, այլ կարելի է ասել, որ ստեղծված իրադրության մեջ մենք հավակնում ենք դադարեցնել այն: Նման որոշումները չեն կարող չհանգեցնել որեւէ տեղաշարժի»,- նշել է Դավուդօղլուն:

«Ինչու է քննարկվում միայն Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հաշտության հարցը: Այդ հարցի շուրջ պետք է մտածեն մեր ամերիկյան, արեւմտյան բարեկամները: Պարզ եւ հստակ հարցադրում կա. քննարկվում է Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հաշտությունը: Մենք ուղղակիորեն հարցնում ենք` արդյո՞ք նրանք խաղաղություն են ցանկանում: Թող պատասխանեն այդ հարցին»,- հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---