23 մարտի 2010 - 14:33 AMT
ՀՅԴ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիան արդեն հաղթանակ է տարել
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունն այն մասին, որ սկսվել է հայ-թուրքական միջկառավարական պատմական հանձնաժողովի ձեւավորումը, վկայում է այն մասին, որ Թուրքիան արդեն իսկ հաղթել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Հայաստանի կոալիցիոն քաղաքական ուժերից բացի, մյուս բոլոր կողմերը` Թուրքիան, ԱՄՆ-ն, Շվեդիան արդեն խոսում են 1915թ. ողբերգական իրդարձությունները, այսինքն Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրող պատմական հանձնաժողովի ստեղծման մասին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն անցել է Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների շրջանակ»,-ասել է Ռուստամյանը:

Հայաստանի եւ Թուրքիայի պատմական անցյալի ուսումնասիրման հանձնաժողովն արդեն իսկ ձեւավորման փուլում է: Այդ մասին Ռուսաստանի առաջին ալիքի «Պոզներ» հեռուստածրագրին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա հիշեցրել է, որ 2009թ. աշնանը երկու երկրների միջեւ մի շարք համաձայնագրեր են կնքվել, որոնցից մեկը ենթադրում է անցյալի ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծում: «Կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում կլինի, եթե երկու երկրները կենտրոնանան դրա վրա: Ես բազմիցս եմ ասել, որ մենք չենք կարող փոխել մեր անցյալը: Այն ամենն, ինչ մենք կարող ենք անել` հասնել ավելի լավ ապագայի»-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: