«Մարտի 27-ին Երեւանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայանալու է «Արտավազդ» թատերական մրցանակի ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը»,- մարտի 26-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Նրա խոսքերով, այս տարի «Արտավազդ» մրցանակը նվիրված է հայ թատրոնի անվանի գործիչներ Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի 105-ամյակին: Մրցանակաբաշխությունն ընթանալու է 11 անվանակարգերում, լինելու է նոր մրցանակ թատերատեխնիկական անձնակազմի համար:
«Վերջին երկու տարում մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում, սակայն այնտեղ արդեն տեղ չէր լինի մրցանակաբաշխությանը մասնակցել ցանկացողների համար, ուստի որոշվել է մրցանակները հանձնել Հ. Պարոնյանի անվան թատրոնում: Ստեղծվել է երիտասարդական խումբ, ես ընդամենն օգնել եմ, որպեսզի նրանք ճաշակով կազմակերպեն երեկոն»,- նշել է Ղազանչյանն, ավելացնելով, որ կազմակերպչական աշխատանքների համար ստեղծված խումբը բացման ժամանակ առաջին անգամ ներկայացնելու է Հովհաննես Թեքերջյանի խոսքերի եւ Վահե Հայրապետյանի երաժշտության հիման վրա գրված «Արտավազդ» հիմնը: