26 մարտի 2010 - 15:41 AMT
Կարլ Ֆրոչ. Կամ Աբրահամը նոկաուտի կենթարկի Դիրելլին, կամ էլ ամերիկացին կհաղթի մրցավարների որոշմամբ
«Super Six Wolrd Boxing Classic» առաջնության մասնակից բռնցքամարտիկներ Կարլ Ֆրոչը (Անգլիա), Միկկել Կեսսլերը (Դանիա), Անդրե Ուորդը (ԱՄՆ) եւ Ալլան Գրինը (ԱՄՆ) իրենց կարծիքն են հայտնել Արթուր Աբրահամի (Գերմանիա) եւ Անդրե Դիրելլի (ԱՄՆ) միջեւ մենամարտի մասին: Մենամարտը կկայանա մարտի 27-ին Դեթրոյթում (ԱՄՆ):

Կարլ Ֆրոչը դժվարանում է հնչեցնել հաղթողի անունը, քանի որ մենամարտն ԱՄՆ-ում է լինելու. «Կամ Աբրահամը նոկաուտի կենթարկի Դիրելլին, կամ էլ ամերիկացին կհաղթի մրցավարների որոշմամբ»:

Միկկել Կեսսլեր. «Աբրահամը շատ վստահ է իր մարտավարության ու ոճի հարցում, այնպես որ դժվար թե մենք նրանից որեւէ նոր բան տեսնենք: Իսկ Դիրելլը, ընդհակառակը, նման է մի պատանու, որը կարող է փոխել իր մարտավարությունը` կախված այն բանից, թե ինչպես է ընթանում մենամարտը, եւ ով է նրա մրցակիցը»,- Կեսսլերի խոսքերն է փոխանցում box-club.ru-ն:

Անդրե Ուորդը նշել է, որ եթե Դիրելլը լավ պատրաստվածություն ունենա, ողջ մենամարտի ընթացքում լինի ուշադիր եւ կազմակերպված, ապա հաղթանակ կտանի: «Աբրահամից արժե վախենալ: Նա խորամանկ վետերան է եւ շատ ուժեղ է: Սակայն Դիրելլը հասկանում է, թե իր համար որքան կարեւոր է հաղթանակը: Մենամարտը կկայանա Դիրելլի տարածքում, ինչը նրան ոչ մեծ առավելություն կտա»,- ասել է ամերիկացին:

Ալան Գրինը գտնում է, որ եթե Դիրելլն ամբողջությամբ վերականգնվել է վնասվածքից հետո, որի պատճառով մենամարտը հետաձգվել էր, ապա կարող է հաղթանակ տանել. «Աբրահամը նրանից շատ ավելի ուժեղ է, բայց եթե Դիրելլը վերականգնվել է վնասվածքից հետո, նա պետք է հաղթանակի»: