26 մարտի 2010 - 18:30 AMT
Զարգացման ասիական բանկը Հայաստանին 300 մլն դոլար կհատկացնի
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մարտի 25-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը: Քննարկվեցին մայրաքաղաքում տրանսպորտային ոլորտի ու դրան հարակից ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը: Նշվեց, որ Ասիական բանկից ակնկալվող վարկային միջոցներով նախատեսվում է ծավալուն շինարարություն ծավալել Երեւանի մետրոպոլիտենում, արդիականացնել ավտոբուսների ու միկրոավտոբուսների շարժակազմը: Մոտ 300 մլն դոլար վարկային ծրագիրն Ասիական բանկի խորհրդի հաստատմանն է ներկայացվելու հունիսի վերջին. նախնական պայմանավորվածությամբ` հայկական կողմը վարկը ստանալու է առանձին չափաբաժիններով: Առաջին` 85 մլն դոլար մասնաբաժնից հատկացումներ են արվելու նաեւ մետրոյի «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի շինարարությանը:
Այժմ բանկի փորձագետները Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ հստակեցնում են ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումները: Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Մեթյու Վեսթֆոլը նշեց, որ տպավորված է Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած մասնագիտական բարձրակարգ աշխատանքով:
Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Ասիական բանկի ներկայացուցիչներին ներկայացրեց մայրաքաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Երեւանի նոր գործարար կենտրոնի շինարարության ծրագիրը, համաձայն որի Իսակովի պողոտային հարակից Նորագյուղ թաղամասի տարածքում կառուցապատման խոշոր ծրագիր է իրականացվելու: Այստեղ նախատեսվում են նաեւ ճանապարհային նոր հանգույցներ ու հաղորդակցություններ: Քաղաքապետը կարեւորեց Ասիական բանկի ներդրումային մասնակցությունը մայրաքաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող ռազմավարական ծրագրերին, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զարգացման ասիական բանկը հիմնվել է 1966 թվականին` խթանելու համար տնտեսության աճը Ասիայում եւ Հեռավոր Արեւելքում, այդ տարածաշրջաններին տեխնիկական աջակցություն ցուցաբերելով եւ ուղղակի ներդրումներ կատարելով: Կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում: Ներդրումների գերակա ոլորտներն են` տրանսպորտն ու կապը, արդյունաբերությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, ֆինանսական հատվածը: