26 մարտի 2010 - 21:07 AMT
Մայիսին Քնեսեթում կարող է կիկին քննարկվել Հայոց ցեղասպանության հարցը
Հաջորդ ամիս ՄԵՐԵՑ խմբակցության նախագահ Հաիմ Օրոնը հերթական անգամ պատրաստվում է Քնեսեթի քննարկմանն առաջարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը: Ինչպես գրում է Ալեքսանդր Գոլդշտեյնը «Անհայտ Հայաստան. եպիսկոպոսներից մինչեւ Քնեսեթի պատգամավորներ» հոդվածում, որ զետեղվել է IzRus պորտալում, 90-ականներից ի վեր այս թեման ամեն տարի դառնում է խորհրդարանականների թեժ բանավեճի առարկա: «Սակայն այս անգամ այդ առնչությամբ կատարվող իրադարձությունների հանդեպ ուշադրությունը պետկառույցների կողմից աճում է ինչպես բուն Իսրայելում, այնպես էլ մի շարք հարեւան երկրներում:
Մի շարք պատճառներով, հարցն արդեն չի դիտարկվում լոկ երկու պետությունների կամ երկու ժողովրդների հարաբերությունների ենթատեքստում, եւ գնալով աշխարհաքաղաքական բնույթ է ստանում: Առաջին հերթին, դրա վրա ազդում է աճող լարվածությունն Երուսաղեմի եւ Անկարայի միջեւ: Իրենց դերակատարությունն ունեն նաեւ այլ տարածաշրջանային գործընթացներ` Անկարայի արտաքին քաղաքականության ուղղվածության փոփոխումը` Արեւմուտքի հետ սերտ կապերից մինչեւ մերձեցում մահմեդական աշխարհի հետ, անցյալ տարի նախանշված կարգավորումը հայերի եւ թուրքերի միջեւ, Հայաստանի ու Իրանի ռազմավարական գործընկերության ամրապնդում, Ադրբեջանի համագործակցության ակտիվացումն Իսրայելի հետ: Բացի այդ, Վաշինգտոնի ձգտումը ցանկացած գնով հասնել իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսմանը, ստիպեց որոշ պաշտոնյաների հիշել «հայկական գործոնի» մասին Երուսաղեմի վերջնական կարգավիճակի որոշման համատեքստում: Բանը նրանում է, որ Հայ առաքելական եկեղեցին լիովին կամ մասնակիորեն վերահսկում է այդ քաղաքի բազմաթիվ քրիստոնեական սրբություններ (ներառյալ Տիրոջ գերեզմանի տաճարը): Բացի այդ, հայկական թաղամասը գտնվում է Հին քաղաքի հենց սրտում, ուստի, «բանակցային գործընթացի» մի շարք արեւմտյան ճարտարապետների կարծիքով, հայերի դիրքորոշումից կարող է որոշ առումով կախված լինել Երուսաղեմի ապագա տարանջատումը»,-նշում է հեղինակը: