29 մարտի 2010 - 18:40 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Վաղ, թե ուշ նոր հայ-թուրքական գործընթաց կսկսվի

Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան չի ձգտում վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, Թուրքիան իր դիվանագիտական քայլերով հայ-թուրքական գործընթացը փակուղի է մղել: «Եթե այդ գործընթացը տրամաբանական ավարտ չունենա, ապա վաղ, թե ուշ նոր հայ-թուրքական գործընթաց կսկսվի»,- ասաց Սաֆրաստյանը: Ընդ որում, նա ասաց, որ եթե գործընթացն իր շարունակությունը ստանա, ապա կողմերը եւս մեկ քայլով առաջ կգնան: «Թե արդյոք հայ-թուրքական գործընթացը դուրս կգա փակուղուց, Թուրքիայից է կախված»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը` ավելացնելով, որ գործընթացը փակուղուց դուրս բերելու համար Անկարան պետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք ցույց կտան, որ ինքը շահագրգռված է, որպեսզի տվյալ գործընթացը շարունակություն ունենա:

Հայ փորձագետը նշեց նաեւ, որ Հայաստանը չպետք է առաջինը վավերացնի Արձանագրությունները, այլ պետք է սպասի Թուրքիայի գործողություններին: