29 մարտի 2010 - 21:31 AMT
Ռուսաստանն ու Հայաստանը պարտավորվել են միմյանց աջակցություն ցուցաբերել գիտության ոլորտում
Հայաստանն ու Ռուսաստանը պարտավորվել են միմյանց աջակցություն ցուցաբերել գիտության ոլորտում: Մարտի 24-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ «Գիտության եւ տեխնոլոգիաների մոսկովյան կոմիտե» ԲԲԸ-ի միջեւ համապատասխան համաձայնագիր կքնվեց, որի նպատակն է նպաստել ՀՀ եւ ՌԴ գիտական խմբերի եւ հետազոտողների միջեւ համագործակցության զարգացմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանն առընթեր գիտության պետկոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
5 տարի ժամկետով կնքված համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել գիտահետազոտական նախագծերի ու փորձարարակոնստրուկտորական մշակումների մրցույթներ, փոխանակել գիտատեխնիկական ոլորտում առկա հնարավորությունների ու անհրաժեշտությունների վերաբերյալ տեղեկատվությունը, իրականացնել հայ-ռուսական համատեղ գիտահետազոտական ծրագրեր, ֆինանսավորել աջակցության արժանացած նախագծերը, կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ եւ այլն: Ըստ համաձայնագրի` կողմերը միմյանց կօժանդակեն գիտական նյութերի եւ գրականության փոխանակման եւ գիտական նախագծերի փորձաքննության իրականացման հարցում` որպես փորձագետ ներգրավելով Հայաստանի եւ Ռուսաստանի առաջատար գիտնականների:
Համաձայնագիրն ստորագրել են հայկական կողմից` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, իսկ «Գիտության եւ տեխնոլոգիաների մոսկովյան կոմիտեի» կողմից` ընկերության գլխավոր տնօրեն Դ. Ռոտոտաեւը: