Սննդակարգը կենսակերպի մաս է, մարմնի եւ հոգու առողջության պահպանման միջոց: Սակայն, գրեթե 1 մլն մարդ աշխարհում ամեն օր քաղցած է քնում` ցանկանալով նիհարել: Դա վնաս է առողջությանը»,-ապրիլի 1-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշել է, որ հայկական խոհանոցոը լավագույնն է ճիշտ սնվելու համար:
«Հայաստանում մարդիկ շատ քիչ են զբաղվում սպորտով, ինչն ավելորդ քաշի առաջացման հիմնական պատճառն է: Բացի այդ, ավելորդ քաշի խնդիրը նաեւ հոգեբանական պատճառներ ունի: Եթե մարդը դժգոհ է իր արտաքինից, նա սկսում է պայքարել սեփական «ես»-ի դեմ, եւ որպես պասիվ բողոք սկսում է շատ ուտել եւ խմել»,-ասել է սոցիոլոգը:
Հոգեբան Միքայել Մադաթյանն իր հերթին նշել է, որ սոցիալ-հոգեբանական վիճակը ավելորդ քաշի առաջացման պատճառներից մեկն է:
Իր հերթին Հայաստանի գլխավոր էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը նշել է. «Կարեւոր չէ, թե որքան եւ ինչ քանակի սնունդ է մարդն ընդունում օրվա ընթացքում, կարեւոր է սննդամթերքի որակը: Օրվա ընթացքում կարելի է ուտել 5-6 անգամ, սակայն առողջ սնունդ, փոքր քանակությամբ` ապահովելու համար ճիշտ նյութափոխանակությունը: Դա է նորմալ քաշը պահպանելու գլխավոր պայմանը»:
Ըստ նրա, պետք է օգտագործել այնպիսի մթերք, որը չի պարունակում կանցերոգեններ: