2010-ի սեպտեմբերին Կողբ գյուղում կբացվի կերպարվեստի դպրոցի նոր շենքը

PanARMENIAN.Net - 2010-ի սեպտեմբերին Տավուշի մարզի Կողբ գյուղում բացվելու է գյուղի կերպարվեստի դպրոցի նոր շենքը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմել է դպրոցի ուսուցիչներից մեկը` Աննա Նասիբյանը:

Նրա խոսքերով, դպրոցում սովորելու հայտ ներկայացնում են շատ երեխաներ ինչպես գյուղից, այնպես էլ հարակից 7 շրջաններից, սակայն ոչ բոլոր ցանկացողներին է հաջողվում ընդունել դպրոց պայմանների բացակայության պատճառով: “Մեր դպրոցն ավելի շուտ կարելի է անվանել վարպետական, որը գտնվում է Մշակույթի տանը, որտեղ սովորում է մոտ 30 հոգի”,- ասել է Նասիբյանն, ավելացնելով, որ սեպտեմբերին աշակերտներն ավելանալու են, մեծանալու է բաժինների թիվը: “Հիմա մեզ մոտ գործում է միայն կերպարվեստի բաժին, բայց բացվելու են նաև քանդակագործության, կերամիկայի, հագուստի դիզայնի և այլ բաժիններ: Իսկ դասավանդելու են հենց մեր շրջանավարտները”,- ասել է ուսուցչուհին:

Նա նշել է նաև, որ դպրոցում ուսուցումն անվճար է: Դպրոցի ղեկավարությունը 6-րդ տարին շարունակ կազմակերպում է երեխաների ամառային հանգիստը:

Բարեգործական դպրոցը հիմնադրվել է 1999թ. համագյուղացի նկարիչ Կարո Ղուլիջանյանի նախաձեռնությամբ: Ստեղծման նպատակն է եղել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, ի հայտ բերել և միավորել տարածաշրջանի շնորհալի երեխաներին և երիտասարդներին: Դպրոցում ուսուցանվում է գծանկարչություն, գեղանկարչություն, կոմպոզիցիա և արվեստի պատմություն: ԿԿԴ-ը գործում է Կողբի մշակույթի կենտրոնում հատկացված սրահում: Այստեղ ամեն տարի կատարվում է ընդունելություն մրցութային կարգով: Ազատ գրաֆիկով դպրոց են հաճախում նաև տարածաշրջանի շատ արվեստասերներ: Դպրոցն ավարտած, ՀՀ տարբեր բուհերում սովորող ուսանողները, պահպանելով կապը, ներգրավվում են դպրոցի կազմակերպչական և ստեղծագործական աշխատանքների մեջ:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---