8 ապրիլի 2010 - 16:46 AMT
Հայկական երկու ծրագիր հաղթել են Համաշխարհային բանկի հայտարարած մրցույթում

«Հայաստանի գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» և “Կենսական նշանակության ճանապարհների բարելավման” ծրագրերը ճանաչվել են Համաշխարհային բանկի` «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավում» մրցույթի 2010թ.-ի 12 հաղթողներից մեկը: Այս մասին հաղորդում է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը:

«Հայաստանի գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն ուղղակիորեն օժանդակեց 132 փոքր և միջին գյուղատնտեսական ձեռնարկությունների, որոնք հնարավորություն ստացան ձեռք բերելու երկարաժամկետ գուղատնտեսական վարկեր` ապահովելով ընդհանուր առմամբ 10,3 միլիոն դոլարի ներդրումներ գյուղական շրջաններում: Արդյունքում` գյուղերում ստեղծվեց 450 նոր աշխատատեղ, կառուցվեցին նոր, ժամանակակից ջերմոցներ ու թռչնաբուծարաններ, որոնք այժմ նպաստում են ներքին սպառման աճին:

Նախատեսված 250 կմ կենսական ճանապարհների ցանցից 150 կմ-ն արդեն վերակառուցվել է` ստեղծելով 12,000 մարդ-ամիս աշխատատեղ: Ճանապարհներին ծախսվող ժամանակը կրճատվել է 40%-ով: Ավելին, ծրագիրը հնարավոր դարձրեց գյուղական բնակչության կապը քաղաքային կենտրոնների հետ, որտեղ գտնվում են շուկաներն ու մատուցվում են սոցիալական ծառայությունները : «Թեև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի շատ երկրներում վերջին տասնամյակում գրանցվել է զգալի տնտեսական աճ և կենսամակարդակի բարձրացում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հատկապես մեծ վնաս է հասցրել այս տարածաշրջանին,- նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ Լե Հուերուն: - «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավում» մրցույթի 2010թ. հաղթողները, սակայն, ցույց են տալիս, թե ինչպես կարող են նորարարական ծրագրերը փոխել տարածաշրջանի մարդկանց ամենօրյա կյանքը` չնայած վերջին ֆինասական ճգնաժամի` այդ երկրների տնտեսություններին հասցրած կործանարար ազդեցությանը»:

Լե Հուերուն նաև շեշտել է. «Հաղթողները ցուցադրում են իրական արդյունքներ, դրանց թվում` զբաղվածության աճ, փոքր ձեռնարկությունների ստեղծում և ձեռնարկությունների համար անհրաժեշտ ֆինանսների մատչելիության բարելավում, բժշկական խնամքի և առողջապահության բարելավում, խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերականգնում (ինչը հանգեցրել է բերքատվության բարձրացմանը), և այլն: Այս նորարարական նախագծերն ու ծրագրերը նաև ցույց են տալիս, որ Համաշխարհային բանկի հետ շարունակական համագործակցությունը կարող է մեղմել տնտեսական անկման հետևանքները և դրական ազդեցություն ունենալ տեղում»:

Այս տարվա մրցույթի հաղթող երկրներն են. Հայաստան, Բուլղարիա, Ղրղըզստան, Մոլդովա, Տաջիկստան, Լատվիա, Մակեդոնիա, Ռուսաստան, Ուկրաինա , Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա:

Հաղթողների երրորդ ամենամյա շնորհանդեսը տեղի կունենա 2010թ. հունիս 3-ին, Վաշինգտոնում: