Ցավոք, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պատճառ դարձավ հայ ժողովրդի խոր հոգեբանական ցնցման: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհրդի անդամ, հոգեբան Դավիթ Ջամալյանը:
Ջամալյանի խոսքերի համաձայն, հայ ժողովուրդը կարող է հաղթահարել այդ հոգեցնցումը երկու միջոցով`կարեկցանքի և ձեռքբերումների: “Ինչ վերաբերում է վերջինիս, ապա այստեղ մենք որևէ խնդիր չունենք, քանի որ մենք անկախ պետություն ենք ձեռք բերել և հաղթանակել ենք Ղարաբաղյան պատերազմում”, - ասել է նա, ավելացնելով, որ կարեկցանքի հարցում հայերը դեմ են առնում բարդությունների, քանի որ ջանքեր են գործադրում, որպեսզի աշխարհին ապացուցեն Ցեղասպանության փաստը:
Ջամալյանն ավելացրել է նաև, որ հայ ժողովուրդը այդ հոգեցնցումը կհաղթահարի միայն այն ժամանակ, երբ այլևս կարիք չի զգացվի որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու:
Փորձագետն ընդգծել է, որ հայերը թուրքերի մասին լիարժեք պատկերացում չունեն: Ջամալյանը նշել է, որ Թուրքիան միայն այն դեպքում կփոխվի, եթե պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը և իր հասարակայնությանը պարտադրի լինել հանդուրժողական, այնպես, ինչպես եղավ Գերմանիայում հրեաների Հոլոքոսթից հետո: “Հիմա եթե Թուրքիայում Ցեղասպանության ընդունումը գերիշխող դառնա` առանց պաշտոնական ճանաչման, ապա այն թուրք հասարակայնությանը հայերի հանդեպ կդարձնի ավելի ագրեսիվ: Քանի որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը թուրք էլիտան իր ժողովրդին ներկայացնում է որպես նվաստացում”, - ընդգծել է նա: