“Ես ամեն տարի ապրիլի 24-ին գալիս եմ Ծիծեռնակաբերդ, որպեսզի մասնակցեմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը”, - PanARMENIAN.Net –ի թղթակցին ասել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բիզնես կոմիտեում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սամսոն Օզարարատը:
Նրա խոսքերի համաձայն, զոհերի հիշատակին հարգանքի իրենց տուրքը մատուցելու համար իր հետ Հայաստան են ժամանել իր ընկերները Ֆրանսիայից, Թուրքիայից: Օզարարատը կարևորել է այն, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ թուրքեր են գալիս Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հայերի վիշտը կիսելու համար:
“Ես չեմ կարող ասել, թե երբ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանության փաստը, բայց կարող եմ նշել, որ արդեն թուրք հասարակության գիտակցության մեջ այդ հարցում լուրջ զարգացում է տեղի ունենում: Օրինակ` այսօր Ստամբուլում Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու: Դա շատ դրական քայլ է”, - ասել է Սամսոն Օզարարատը: