24 ապրիլի 2010 - 21:33 AMT
Տիգրան Սարգսյան. Մենք պահանջում ենք, որ հայ ժողովրդի դեմ գործած ոճիրը ստանա իրավական, քաղաքական ու բարոյական գնահատական

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ուղերձով` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Այսօր համայն հայությունը գլուխ է խոնարհում է 95 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առաջ: Պետականորեն ծրագրված և իրականացված սպանդի նպատակը հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումն էր. ոճիր, որի յուրաքանչյուր դրվագը վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն է:

Ես դիմում եմ ձեզ ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլև մարդ, ում նախնիները վերապրել են ցեղասպանության սարսափը և ձեզ հետ միասին սգում եմ իմ և ձեր պապերի, նրանց ծնողների, եղբայրների ու քույրերի հիշատակը”: “Մեր ժողովրդի հարյուր հազարավոր զավակներ ունեն իրենց կորուստն, իրենց ընտանիքի պատմությունը, սակայն նրանց հիշողության մեջ դրոշմված է ցեղասպանության ընդհանուր սպին: Այդ մարդիկ ու նրանց սերունդները մինչև այսօր էլ իրենց մշեցի և սասունցի, վանեցի ու զեյթունցի են համարում: Այսօր դեռ կենդանի են մարդիկ, ովքեր անցել են ցեղասպանության գողգոթան, ու մենք միասնաբար պահանջում ենք, որ հայ ժողովրդի դեմ գործած ոճիրը ստանա իրավական, քաղաքական ու բարոյական համապատասխան գնահատական:

Հիշատակի այս օրը ես իմ երախտիքի խոսքն եմ ուղղում այն մարդկանց, ովքեր վառ են պահում պատմական հիշողությունն ու պայքարում են արդարության` Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար:

Այսօր, հարգանքի տուրքը մատուցելով Մեծ եղեռնի անմեղ նահատակներին, մենք գիտակցում ենք, որ պետք է շարժվենք առաջ, պետք է կարողանանք համախմբվել ազգային իղձերի ու նպատակների շուրջ, կառուցենք ուժեղ ու ժողովրդավարական պետություն, անենք հնարավորն ու անհնարինը` մեր երկրի ու ժողովրդի վաղվա օրվա համար”,-ասվում է վարչապետի ուղերձում, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: