Ամերիկայի Հայկական խորհուրդն (ACA) ու հայ համայնքը հիասթափված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձից, ասվում է Ամերիկայի հայ համայնքին ուղղված ամենամյա ուղերձի մասին ACA հայտարարության մեջ: "Օբաման առաջ անցավ նախորդ նախագահներից` մշտապես հայտարարելով, որ "չի փոխել իր կարծիքը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ": Սակայն ԱՄՆ նախագահը հերթական անգամ հրաժարվեց 95 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրագործված իրադարձությունները "Ցեղասպանություն" որակելու մասին իր խոստումից: Լինելով սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման խոստացավ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն նախագահ Օբաման խուսափում է իր պարտավորություններից և չի օգտագործում "ցեղասպանություն" բառը: Նա պատմական իրողությունը բնութագրում է, որպես "20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններ" և "1915 թվի ահավոր իրադարձություններ",- ասվում է հայտարարության մեջ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` ACA-ն գտնում է, որ ԱՄՆ նախագահն ու իր խորհրդականները պետք է հասկանան, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի, մինչև Անկարան չճանաչի Հայոց ցեղասպանությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմեց ԱՄՆ հայ համայնքին, որում, ինչպես և անցյալ տարի, կիրառեց "Մեծ Եղեռն" տերմինը` խոսելով Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության մասին: