25 ապրիլի 2010 - 09:28 AMT
Հայոց Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Բրյուսելում

Ապրիլի 24-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 95-տարելիցին նվիրված միջոցառումների շարք, որը նախաձեռնել էին Բելգիայում ՀՀ դեսպանություն և Բելգիայում գործող հայկական կազմակերպությունները:

Բրյուսելի Սբ. Մարիամ Մագդաղենայի եկեղեցում հոգեհանգստի պատարագի մատուցումից հետո սգո երթը շարժվեց դեպի Հայոց եղեռնի հիշատակը հավերժացնող խաչքար: Բենելյուքսի երկրներում հայրապետական պատվիրակ Զատիկ վարդապետ Ավետիքյանի օրհնությամբ խաչքարի մոտ խունկ վառվեց, հնչեցվեց տերունական աղոթքը: Այնուհետև ելույթներ ունեցան Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը և Բելգիահայերի կոմիտեի նախագահ Մ. Մամուրյանը:

Դեսպան Ադոնցը, անդրադառնալով օրվա խորհուրդին, հույս հայտնեց, որ Ցեղասպանության սակավաթիվ վերապրածներ դեռ կարող են ականատես լինել դրա համատարած ճանաչմանը: Նրա խոսքերով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է: Ընդգծվեց, որ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները չեն կարող դիտարկվել այս համատեքստում, և որ Հայաստանի ղեկավարությունը եւ հայ ժողովուրդը երբեք որևէ նկատառումով չեն կարող անտեսել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց նաև Բելգիայի խորհրդարանին Ցեղասպանության ճանաչման և դատարպարտման համար:

Արարողությանը մասնակցում էին Բելգիայի խորհրդարանի, տեղական իշխանության մարմինների, հրեական, թութսիական և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: