Չինաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին իր կեցավայրում ընդունել է «Հուավեյ» (Huawei Technologies Co. Ltd) կորպորացիայի գործադիր տնօրեն Լին Ռուի Չիին: Օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը` նախագահի գլխավորությամբ այցելել է «ZTE» (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) կորպորացիայի կենտրոնակայան և հանդիպել կորպորացիայի նախագահ Լիրոն Շիի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Այս երկու ընկերությունները, որ մասնագիտացած են հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռահաղորդակցային համակարգեր և այլն, մտադիր են մասնակցել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում իրականացվելիք հավակնոտ ծրագրերին:
Նախագահ Սարգսյանը և ZTE ընկերության ղեկավարը քննարկել են համագործակցության հնարավորությունները: Դրական վերաբերելով չինական ընկերության` Հայաստանում գործունեություն ծավալելու հետաքրքրությանը, նախագահ Սարգսյանը միաժամանակ նշել է, որ հայկական կողմը պատրաստ է աջակցելու չինական ընկերություններին և ցանկություն ունի մասնակցել նաև արտադրական պրոցեսին:
Նախագահ Սարգսյանը «Հուավեյ» ընկերության ղեկավարի հետ ևս քննարկել է համագործակցության հեռանկարը: «Հուավեյ»-ը դինամիկ զարգացող ընկերություն է և ներկայումս հեղինակային արտոնագրերի քանակով աշխարհում զիջում է միայն «Ինտել»-ին, իսկ իրացման ծավալներով` «Էրիքսոնին»: «Հուավեյ»-ը մտադիր է առաջիկա 3 տարիներին առաջատար դիրքեր գրավել հեռահաղորդակցային տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում: Այդ նպատակի իրագործման համար չինական ընկերությունը հետաքրքրված է գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Քննարկումների արդյունքում հայկական կողմը համագործակցության մտադրությունների մասին հուշագիր է ստորագրել «Հուավեյ» ընկերության հետ