Արգենտինան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը

Արգենտինան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ դեսպան Միգել Անխել Կունեոյին (Miguel Angel Cuneo)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանըշնորհավորելով դեսպան Կունեոյին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաև արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին` նրա առաքելության իրականացման ընթացքում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խնդրեց իր ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերը փոխանցել իր արգենտինացի գործընկեր Խորխե Տայանային:

Դեսպան Միգել Անխել Կունեոն շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար նշեց, որ Արգենտինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչի վկայությունն է տարածաշրջանում իր երկրի առաջին դեսպանության հիմնումը Երևանում: Դեսպան Կունեոն կարևորել է Արգենտինայի հայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Երկուստեք գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Արգենտինայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների, զարգացած իրավապայմանագրային դաշտի առնչությամբ: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Կունեոն քննարկեցին նաև համագործակցության առկա մեծ ներուժի օգտագործման հնարավորությունները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---