ՀՀ նախագահի առաջիկա այցը Բրյուսել կխթանի հայ-բելգիական հարաբերությունների զարգացումը

ՀՀ նախագահի առաջիկա այցը Բրյուսել կխթանի հայ-բելգիական հարաբերությունների զարգացումը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպան Ստեֆան Դե Լոկերը: ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը խորապես շահագրգիռ է` սերտացնելու հայ-բելգիական համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Կողմերը հատկապես կարեւորել են Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում փոխգործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Դեսպան Դե Լոկերն ասել է, որ Բելգիայի կառավարությունը ողջունում է ՀՀ նախագահի` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ աջակցություն է հայտնում այդ բարդ ու դժվարին գործընթացում:

Հանրապետության նախագահը ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ մեր երկրի մոտեցումները: Նախագահ Սարգսյանն ու Ստեֆան Դե Լոկերն անդրադարձել են նաեւ ՀՀ նախագահի` Բրյուսել կատարելիք առաջիկա այցին` վստահություն հայտնելով, որ այն հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման համար լրացուցիչ խթան կդառնա:

 Ուշագրավ
---