Եվրոպայում հայտնի պատկերապատման հեղինակները կժամանեն Երևան Հայաստանում կազմակերպվող փառատոնին մասնակցելու

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին Նովոստի միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Երևանում Պատակերապատման միջազգային երկրորդ փառատոնին: Ասուլիսի հյուրերն էին` Բարբարա Կանեպան (համաշխարհային պատկերապատման դեսպան), Դոմենիկ Բեղտղայը (պատկերապատող, Անգուլեմի պատկերապատման բարձրագույն դպրոցի ժյուրիի անդամ), Լորան Մելիքյանը (պատկերապատման գծով լրագրող, Հայաստանում պատկերապատման զարգացման միության հիմնադիրներից, Երևանում Պատկերապատման փառատոնի կազմակերպիչ), Ագատ Բադալյանը (պատկերապատող, Երևանում պատկերապատման 2-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչ): Մայիսի 14-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա Պատակերապատման միջազգային երկրորդ փառատոնի բացման արարողությունը, մամլո ասուլիսի ժամանակ ասել է Լորան Մելիքյանը:

2010 թվականի մայիսի 14-16-ը Երևանում Պատակերապատման միջազգային երկրորդ փառատոնի շրջանակներում կհանդիպեն Հայաստանում արդեն կազմված պատկերապատման հեղինակների առաջին սերնդի ներկայացուցիչներ, մամլո ավանդական նկարիչներ, եվրոպացի և Հայաստանի հարևան երկրների պատկերապատման նորահայտ հեղինակներ: Փառատոնը նաև հնարավորություն կտա բացահայտելու պատկերապատման նոր ձև, որը դուրս է գալիս թղթային արգելքներից` թվային տեխնիկայի էկրաններին երևալու համար:

Փառատոնն առիթ է ամփոփելու պատկերապատման տեղական արտադրությունը: Դրա նպատակն է հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանում մարդիկ նկարեն, հրատարակեն և կարդան պատկերապատում:

Պատկերապատման միջազգային 2-րդ փառատոնի շրջանակներում նախատեսված են` ցուցահանդեսներ, գրքերի և ամսագրերի ներկայացում, դասընթացներ, մեկ էջանոց պատկերապատման մրցույթ, պատկերապատման հիման վրա նկարահանված մուլտֆիլմերի ցուցադրում:

2007-ին Ֆրանսիական Անգուլեմ քաղաքում ստեղծվեց Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միությունը (ՀՊԶՄ), որը նպատակ ունի խթանել պատմողական պատկերի ավանդույթի զարգացումը մեր երկրում, որտեղ պատկերապատումը նոր հասկացություն է: ՀՀ-ում մինչ այսօր քչերն են պատկերապատմամբ զբաղվելու փորձեր արել, դրանցից առաջիններն էին Տիգրան Մանգասարյանն ու 3 ձուկ խումբը, որոնք հաջորդաբար ստեղծեցին և հրատարակեցին «Լռություն» ու «Պենտագոն» պատկերապատումների շարքը:

2008 թվականի հոկտեմբերին ՀՊԶՄ-ն կազմակերպեց Պատկերապատման և Պատկերի առաջին միջազգային փառատոնը Երևանում` հնարավորություն տալով Հայաստանում պատկերապատումով զբաղվող և ապագա հեղինակներին հանդիպել ֆրանսիացի փորձառու մասնագետների հետ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---