ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանը կշարունակի ջանքերը բանակցությունների միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ

ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանը կշարունակի ջանքերը բանակցությունների միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանը, որտեղ ելույթ ունեցավ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Իր ելույթում նա Հայաստանի աջակցությունը հայտնեց կազմակերպության բարեփոխումներին և տեղեկացրեց հոկտեմբերին ԵԽ հովանու ներքո Հայաստանում կայանալիք Ժողովրդավարական ապագայի համար ֆորումի նախապատրաստական աշխատանքների մասին:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, ասաց. «ԵԱՀԿ ԱԳ նախարարների` անցյալ դեկտեմբերին Աթենքում ընդունված ԼՂ վերաբերյալ հայտարարությունը շեշտադրում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը` որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ: Նույն սկզբունքներն ընկած են 2007 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան փաստաթղթի հիմքում: Այդ փաստաթղթի գոյությունն անգամ մեկ տարուց ավել հերքվում էր Ադրբեջանի կողմից, մինչեվ նրանք վերջապես հայտարարեցին, որ իբրեւ թե ընդունում են այն` որոշ բացառություններով: Եթե փորձ անենք պարզել, թե ինչին է Ադրբեջանը համաձայնել, ինչին` ոչ, ապա կտեսնենք, որ ամենաշատը բացառություններն են, իսկ ընդունված դրույթներն էլ` իրենց կամայական ներկայացմամբ: Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խեղաթյուրել հակամարտության պատճառներն ու հետեւանքները, այլ նաեւ ընթացող բանակցությունների էությունը ու օգտագործում է ցանկացած հնարավորություն բոլոր մակարդակներով ուժի կիրառման սպառնալիքներով հանդես գալու համար:

Ակնհայտ է, որ ադրբեջանական բոլոր ճիգերը հիմնախնդիրը արծարծելու այլ միջազգային հարթակներում եւ դրանով ազդելու Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների վրա ապակառուցողական են: Չնայած Ադրբեջանի կողմից կարգավորման ճանապարհին ստեղծվող բոլոր խոչընդոտներին Հայաստանը հաստատակամ է շարունակելու ջանքերը բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայաստանի նախագահի նախաձեռնությունն էր կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք սկսեցինք գործընթացը Շվեյցարիայի միջնորդությամբ, վարեցինք բանակցությունները եւ ստորագրեցինք արձանագրությունները այն ընդհանուր փոխըմռնմամբ, որ կարգավորման գործընթացում չեն կարող լինել նախապայմաններ: Այս դիրքորոշումը կիսում են միջնորդ եւ աջակից երկրները եւ ամբողջ միջազգային հանրությունը:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին եւ փաստորեն արգելափակեց թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացումը: Այդ իսկ պատճառով Հայաստանի նախագահը որոշեց կասեցնել վավերացման գործընթացը Հայաստանում, մինչեւ Անկարան նորից պատրաստ լինի շարունակել գործընթացը առանց նախապայմանների, եւ այդ քայլը դրական ընկալվեց միջազգային հանրության կողմից», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---