18 հունիսի 2010 - 15:45 AMT
Ինտերակտիվ հայերեն այբբենարանը հասանելի է Ինտերնետում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Տաթև» գիտակրթական համալիրի հետ համատեղ Ինտերնետում թողարկել է հայերեն դասագրքերի ու մեթոդական ձեռնարկների էլեկտրոնային գրադարան հետևյալ հասցեով` spyurq.dasagirq.am (կամ http://dasagirq.am): Ինչպես հունիսի 18-ին գրադարանի շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի հայկական դպրոցները դասագրքերով ապահովելու համար բյուջեից հատկացված միջոցները կարող են շատ ավելի արդյունավետ օգտագործվել, եթե դասագրքերը տարածվեն Ինտերնետի միջոցով:

«Կրթության ավանդական մեթոդների հետ մեկտեղ նախարարությունն օգտագործելու է նորարարական տեխնոլոգիաները: Տվյալ նախագիծը Սփյուռքի երեխաներին թույլ կտա ուսումնասիրել և կատարելագործել հայերեն լեզուն»,- նշել է Աշոտյանը: Նրա խոսքով, Սփյուռքւմ նախագծի առնչությամբ դրական արձագանքների դեպքում նախագիծն ավելի ակտիվ զարգացում կստանա:

«Տաթև» գիտակրթական համալիրի, ինչպես նաև «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը նշել է, որ կայքում կտեղակայվեն Սփյուռքի դպրոցներում որպես ուսումնական ձեռնարկներ կրթության նախարարության կողմից ընտրված գրքերը: «Ի տարբերություն տպագիր գրքերի, էլեկտրոնայինների մեջ կարելի է օպերատիվ կերպով փոփոխություններ կատարել: Կայքում հնարավորություն կա մեկնաբանելու դասագրքերը. կատարել սեփական առաջարկներն ու դիտողությունները: Եթե դրանք խելամիտ լինեն, մենք դրանք հաշվի կառնենք: Դա մեզ թույլ կտա մեկ տարվա ընթացքում կատարյալ դասագիրք ստանալ»,- ասել է Սոկրատ Մկրտչյանը:

Այսօր կայքում ներկայացված են «Զանգակ-97» հրատարակչության ինտերակտիվ դասագրքերը` հայերենի այբբենարանն ու «Իմ առաջին ընթերցարանը»: Ինտերակտիվ գրքերը կազմված են խաղարկային ու մանուկներին հասանելի ձևով, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են գրվում տառերը, ինքնուրույն նախադասություններ կազմել և աուդիո-դասեր լսել: Այստեղ տեղակայված են դասագրքերի pdf. տարբերակները (մոտ 10-ը), ինչպես նաև մի քանի աուդիո- և վիդեոդասեր:

Սոկրատ Մկրտչյանի խոսքով, տվյալ նախագիծը թույլ կտա նաև տվյալների բազա ստեղծել այն մարդկանց մասին, ովքեր հետաքրքրվում են կրթությամբ, քանի որ նյութերն օգտագործելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում:

Բացի դրանից, «Զանգակ-97» հրատարակչությունն այլ հրատարակչությունների հետ միասին կրթության նախարարությանն առաջարկում է ժամանակավորապես դասագրքերի իր տարբերակները տեղակայել կայքում, որպեսզի օգտվողներին հնարավորություն ընձեռվի օբյեկտիվորեն գնահատել ու քննարկել դրանք: Սոկրատ Մկրտչյանի կարծիքով, դա թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր հրատակարողների համար: Արմեն Աշոտյանը նշել է նաև, որ մոտ ժամանակներս մեկնարկում է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որը նույնպես հիմնված է նորարարական տեխնոլոգիաների վրա: