21 հունիսի 2010 - 18:17 AMT
ՀԲ. Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, թեև հիմնական մարտահրավերները դեռևս առկա են

Հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունը, ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար` բարձր գնահատելով Ա. Վարուդակիսի գործունեությունը Հայաստանում:

ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը համագործակցությունը համարեց փոխշահավետ` նշելով, որ այն սկսվել է դեռեւս այն ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում էր փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, եւ ակտիվ ու արդյունավետ համատեղ աշխատանք է կատարվել մասնավորապես մարզերում առողջապահության զարգացման ծրագրի շուրջ:

Զրուցակիցները անդրադարձան համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ դրա ազդեցությանը Հայաստանի վրա: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանի հակաճգնաժամային ծրագրերին: Արիստոմենե Վարուդակիսը արձանագրեց, որ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, թեեւ հիմնական մարտահրավերները դեռեւս առկա են: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: