23 հունիսի 2010 - 15:03 AMT
Առաջարկվում է ստեղծել նախագահին կից կադրային քաղաքականության քաղաքացիական խորհուրդ

Հայաստանում կա 1800 տարբեր պետական կազմակերպություն, որտեղ պետք է ներգրավվեն երիտասարդ կադրեր: Այս մասին հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Երիտասարդների ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը: Նրա խոսքերով, այդ պատճառով նա առաջարկում է ստեղծել նախագահին կից կադրային քաղաքականության քաղաքացիական խորհուրդ և հեռանկարային կադրերի բազա: Համապատասխան փաթեթը շուտով պետք է ներկայացվի կառավարությանը: Ատոմ Մխիթարյանը նշեց նաև, որ հարևան երկրների երիտասարդության համեմատ հայ երիտասարդներն ավելի պասիվ են միջազգային ծրագրեր իրականացնելիս: «Այդ պատճառով Ադրբեջան 10 անգամ ավելի շատ միջազգային ֆինանսավորման գումարներ են մուտք գործում, քան Հայաստան»,-ասաց նա: Ըստ նրա, պատճառը պետության ոչ ակտիվ գործունեությունն է այդ ուղղությամբ:

Ատոմ Մխիթարյանը նշեց նաև Հայաստանում առկա տեղեկատվության պակասը, որի պատճառով ևս երիտասարդներն ակտիվորեն չեն մասնակցում միջազգային ծրագրերին: Նա հավելեց, որ շատ կազմակերպություններ անգամ թաքցնում են նման տեղեկությունները: Մխիթարյանը նշեց նաև, որ այս ծրագրերը համակարգում է սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը, սակայն, ըստ նրա, քանի որ յուրաքանչյուր ոլորտ, լինի դա առողջապահություն, կրթություն կամ այլ ոլորտներ, առնչվում է երիտասարդության հետ, ուստի երիտասարդության հարցերը պետք է քննվեն առանձին: