25 հունիսի 2010 - 19:29 AMT
7-րդ «Ոսկե ծիրանը» նվիրված է կինոյի անվանի գործիչներին

«Ոսկե ծիրան» փառատոնում մեծ ուշադրություն է հատկացվում ինչպես մրցութային, այնպես էլ ոչ մրցութային ծրագրին. հետահայաց ցուցադրություններին և պրեմիերաներին, - հունիսի 25-ին մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը:

«Այդ պրեմիերաներից առաջինը Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր Սեմիխ Կապլանօղլու «Մեղր» ֆիլմն է, լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Փոխադարձ այցելություն», Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6» ֆիլմերը և այլն»,- նշել է փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը:

Խոսելով հետահայաց ցուցադրությունների մասին`կազմակերպիրչներն ընդգծեցին, որ այս տարի ցուցադրվելու են ռեժիսորների ֆիլմեր, որոնց հոբելյանները նշվում են այս տարի: Ցուցադրվելու են Անրի Վեռնոյի, «Ոսկե ծիրանի» ղեկավար Ատոմ Էգոյանի ֆիլմերը: Հենրիկ Մալյանի հոբելյանի առթիվ ցուցադրվելու են նրա 3 ֆիլմեր, ինչպես նաև Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմը` նվիրված նրա օպերատոր Ալբերտ Յավուրյանի հոբելյանին:

Կինոյի սիրահարներին սպասում են նաև անվանի ռեժիսորներ Սերգեյ Գովորուխինի, Կլեր Դենի, Ֆաբի Ակինի ֆիլմերը, ինչպես նաև ճեպազրույց` Թեոդորոս Անգելոպուլոսի հետ: