31 հուլիսի 2010 - 18:34 AMT
Սերգեյ Շաքարյանց. «Ռուս-հայկական արձանագրությունների ստորագրումը ռազմաքաղաքական ահազանգ է` ոչ տարածաշրջանային ուժերին ուղղված»

Հայաստանի և Ռուսաստանի միջև արձանագրության ստորագրումը, որով փոփոխություններ են մտցվում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրում, նոր բան չի ներկայացնում իրենից: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցի ընթացքում ասել է քաղաքագետՍերգեյ Շաքարյանցը:

Նրա խոսքերի համաձայն, արձանագրության մեջ ընդգծելով, որ Ռուսաստանն իր ռազմաբազաներով Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, ոչ տարածաշրջանային ուժերին ռազմաքաղաքական ահազանգ են ուղղել: «Սակայն մեկ անգամ ևս նշեմ, որ այս արձանագրության մեջ որևէ նոր բան չկա, քանի որ ի սկզբանե ռուսական ռազմական ուժերն այդ գործառույթն իրականացնում էին», - ընդգծել է քաղաքագետը:

Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են ստորագրել արձանագրություն, որով փոփոխություններ են մտցվում Հայաստանում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրում: Արձանագրության նախագծի համաձայն, «Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմական բազան բացի ՌԴ շահերի իրականացման գործառույթից, ՀՀ զինված ուժերի հետ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը»: Նշված նպատակներին հասնելու համար, Ռուսաստանը «աջակցելու է Հայաստանին` ժամանակակից ռազմական տեխնիկայով ապահովված լինելու գործում», - ասվում է արձանագրության նախագծում: