«Ես դրականորեն եմ վերաբերվում Հայաստանի և Ռուսաստանի միջև արձանագրության ստորագրմանը, որը փոփոխություններ է մտցնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրի մեջ, քանի որ այն հայ-ռուսական համագործակցության խորացման ակնառու ցուցանիշ է», - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը:
Նրա խոսքերի համաձայն, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների խորացումը միշտ էլ ողջունելի է: «Այս արձանագրությունը ավելի կամրապնդի Հայաստանի պաշտպանական համակարգը և դրականորեն կազդի ՀՀ ռազմարդյունաբերական համալիր համակարգի զարգացման վրա», - ընդգծել է նա:
Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են ստորագրել արձանագրություն, որով փոփոխություններ են մտցվում Հայաստանում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրում: Արձանագրության նախագծի համաձայն, «Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմական բազան բացի ՌԴ շահերի իրականացման գործառույթից, ՀՀ զինված ուժերի հետ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը»: Նշված նպատակներին հասնելու համար, Ռուսաստանը «աջակցելու է Հայաստանին` ժամանակակից ռազմական տեխնիկայով ապահովված լինելու գործում», - ասվում է արձանագրության նախագծում: