Հայաստանն առաջիններից է, որտեղ ձիաբուծությամբ են զբաղվել

Հայաստանն առաջիններից է, որտեղ  ձիաբուծությամբ են զբաղվել

PanARMENIAN.Net - «Շենգավիթի պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները բազմաթիվ բացահայտումների հնարավորություն տվեցին մեզ, որոնց մասին մենք կասկածներ չունեինք», - ասել է Հայաստանի պատմամշակութային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը` Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերի համաձայն, այդ տեղանքում հայտնաբերվել է նետի 33 ծայրակալ, ինչը հերքում է այն կարծիքը, ըստ որի Շենգավիթի բնակիչները խաղաղասեր են եղել: Մյուս կողմից` դա վկայում է այն մասին, որ նրանք պաշտպանել են իրենց քաղաքը թշնամու հարձակումներից: Ենթադրություն կա նաև, որ քաղաքը պարսպով շրջապատված է եղել:

«Հայտնաբերվել է նաև տղամարդու երկու արձան: Մինչ այդ հայտնաբերվել էր միայն մեկ այդպիսի արձանիկ: Վերջին գտածոն ստիպում է սրբագրել այն պատկերացումը, ըստ որի Շենգավիթում վաղ բրոնզե դարում մայրիշխանություն է տիրել», - ընդգծել է Հակոբ Սիմոնյանը: Նա նշել է, որ այդտեղ հայտնաբերվել է նաև ձիու արձանիկ, ինչն էլ վկայում է, որ Հայաստանն առաջիններից էր, որտեղ ձիաբուծությամբ են զբաղվել և ընտելացրել են ձիերին:

Նա ավելացրել է, որ գիտնականների հաշվարկների համաձայն, քաղաքում եղել է մոտ 1000 տուն, որոնցից յուրաքանչյուրը հաշվարկված է եղել, միջին հաշվով, 10 մարդու համար: Սրանից հետևում է, որ քաղաքում բնակվել է 5-10 հազ. մարդ, ինչն այն ժամանակների չափանիշներով համարվում է շատ մեծ ազգաբնակչություն:

«2012 թ. լույս է տեսնելու Շենգավիթի պեղումների մասին կատալոգ, որը պետք է դառնա հայկական զբոսաշրջության մարգարիտը: Կատալոգը լինելու է հայերեն և անգլերեն լեզուներով», - նշել է ԱՄՆ Փենսիլվանիայի Ուայդների համալսարանի մարդաբանության ամբիոնի վարիչ, արշավախմբի ամերիկյան կողմի ղեկավար Միթչել Ռոթմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---