Ծնողներին առաջարկում են օնլայն հետևել իրենց երեխաների առաջադիմությանը դպրոցում

Ծնողներին առաջարկում են օնլայն հետևել իրենց երեխաների առաջադիմությանը դպրոցում

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել dasaran.am կայքի շնորհանդեսը, որի աշխատանքն ուղղված է լինելու ուսուցչի, աշակերտի ու ծնողների միջև շփումների դյուրացմանը: Նոր կայքի առաքելությունն է նպաստել կրթության մակարդակի բարձրացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

Կայքի շնորհանդեսին ներկա էր ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը ողջունեց մասնավոր խմբի այս նախաձեռնությունը: «Մենք մեծապես կարևորում ենք երկրում կրթության որակի բարելավմանն ուղղված հասարակական նախաձեռնությունները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը կրթության համակարգում»,-ասել է նախարարը: Նա ընդգծել է, որ ՀՀ կրթության նախարարությունն առաջիկայում կառաջարկի դպրոցներին օգտվել այս կայքից, որի կիրառումը թույլ կտա ծնողներին օնլայն ռեժիմով ծանոթանալ իրենց երեխաների գնահատականներին ու առաջադիմությանը: «Կայքը նաև թույլ կտա բացառել այն դեպքերը, երբ ուսուցիչը կարող է օբյեկտիվ չգնահատել երեխային կիսամյակի վերջում: Այդ համակարգը կծառայի բոլոր շահագրգիռ կողմերի` ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների շահերին»,-հավելել է Արմեն Աշոտյանը:

Նա հայտնեց նաև, որ այս ռեսուրսի կիրառման արդյունավետությունն ակնհայտ կլինի արդեն 2012թ., երբ հանրապետության բոլոր դպրոցները կմիանան ինտերնետին: «Վստահ եմ, որ 1-2 տարուց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը մեր դպրոցներում արտառոց չի լինի, այլ կդառնա ուսումնական հաստատությունների գործունեության անբաժան մասը»,-ասել է նախարարը:

Dasaran.am կայքը փորձնական գործարկում է անցել երկրի երկու դպրոցներում և հասցրել է դուր գալ աշակերտներին:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---