Օգոստոսի 6-ին ՀԱՊ-ում մեկնարկեցին հայ գեղանկարիչ Հարություն Կալենցի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Օգոստոսի 6-ին ՀԱՊ-ում մեկնարկեցին հայ գեղանկարիչ Հարություն Կալենցի 100-ամյակին նվիրված միջոցառումները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկեցին հայ մեծանուն գեղանկարիչ Հարություն Կալենցի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախ կայացավ Կալենցի կտավները և կենսագրությունը ներկայացնող գրքի շնորհանդեսը, ապա բացվեց նկարչի ցուցահանդեսը:

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի խոսքերով, այս հրաշալի վարպետը նոր շունչ է հաղորդել 1950-60-ական թվականների հայ գեղանկարչությանը: Գեղանկարչի որդին` «Կալենց» մշակութային հիմնադրամի նախագահ Սարո Կալենցը նկատեց, որ այս գրքին սպասել են 70 տարի, և վերջապես, մշակույթի նախարարության օժանդակութամբ, այն հրատարակվեց:

Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կալենցն իրոք մեծ նկարիչ է, և այս ցուցահանդեսի մարդաշատությունը արտահայտում է ժողովրդի, հասարակության վերաբերմունքը նրա նկատմամբ: «Չկա մի մասնագետ, նկարիչ, մի հայազգի, որ չհարգի, չհավանի Հարություն Կալենցի նկարները, որովհետև նա մեծություն է մեզ համար, մեր ժողովրդի համար»,- նշել է նա` ավելացնելով, որ պետությունը պարտավոր է անել ամեն ինչ` Կալենցի ընտանիքին օգնելու համար, որպեսզի գեղանկարչի արվեստն ամբողջությամբ ներկայացվի հասարակությանը:

Այս տարի Հարություն Կալենցի լիբանանյան շրջանը ներկայացնող գործերով ցուցահանդես է նախատեսվում կազմակերպել նաև Բեյրութում, որտեղ նա ապրել և ստեղծագործել է 19 տարի, մինչև Հայաստան ներգաղթելը:

Հարություն Կալենց

Հարություն Կալենցը ծնվել է 1910 թ. Օսմանյան կայսրության Սեբաստիա նահանգի Կյուրուն քաղաքում Անիից գաղթած հայ ազնվականներ՝ Խարմադայանների ընտանիքում: 1915 թվականին՝ Հայոց Ցեղասպանության դժնդակ տարում, Կալենցը, անցնելով անապատի մահվան ճանապարհով,հրաշքով փրկվում է՝ հասնելով Հալեպ: 1923-1927թթ. - ապրում է Հալեպում, սկսում է լրջորեն զբաղվել արվեստով։ 1927-1930թթ. - տեղափոխվում է Տրիպոլի (Լիբանան), այստեղ ծանոթանում է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Միշլեի հետ, ինչը սկիզբ է դնում նրանց երկար տարիների ստեղծագործական ընկերությանը։
1930 -1946թթ. տեղափոխվոմ է Բեյրութ, որտեղ ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով, բացում է անհատական ցուցահանդեսներ, ստեղծում է գեղարվեստական ստուդիա, ընդունում է աշակերտներ։ Ստեղծագործական կարիերայի կարևոր աստիճաններից էր 1939թ. Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում Լիբանանի տաղավարի յոթ մետրանոց հարթաքանդակային կոմպոզիցիան, որը արժանացավ ցուցահանդեսային հանձնաժողովի ու Լիբանանի կառավարության պատվոգրերին։ Եղել է «Արվեստի բարեկամների ընկերության» ստեղծման ակտիվ նախաձեռնողներից և նրա հիմքի վրա 1942թ. կազմավորված «Լիբանանի գեղանկարիչների միության» ակտիվ անդամներից մեկը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---