«Ռոսատոմ» ընկերության տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի Հայաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում ստորագրվելու է Հայաստանում ատոմային էներգիայի զարգացմանը վերաբերող պայմանագիր: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ՀՀ էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունից:
Այդ այցի ընթացքում քննարկվելու է նաև Հայաստանի ԱԷԿ անվտանգության մակարդակի բարձրացմանը և դրա հետ կապված միջոցառումներին «Ռոսատոմի» մասնակցությանը վերաբերող հարցեր: Հավանական է, որ նաև հարց բարձրացվի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման մասին:
Ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ տեղեկատվական գործակալությունը հաղորդել է, որ օգոստոսի 19-ին «Ռոսատոմ» պետգործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն Երևանում ստորագրելու է Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկների սարքավորման ուղղությամբ համագործակցելու մասին համաձայնագիր: Ս. Կիրիենկոյի օգնական Սերգեյ Նովիկովի խոսքերի համաձայն, այդ համաձայնագրի ստորագրումն իրականացվում է մարտի 26-ին ստորագրված ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի բնական պաշարների և էներգետիկայի նախարարության ու «Ռոսատոմի» համագործակցության մասին համաձայնագրի համաձայն:
«Այսօր նախատեսված համաձայնագրով, «Ռոսատոմը» հանդես է գալիս որպես «Մեծամոր ինտեր» հայ-ռուսական ընկերության բաժնետեր, որը պետք է իրականացնի Մեծամորի ԱԷԿ-ի նոր երկրորդ էներգաբլոկի շինարարությունը` ռուսական արտադրության ВВЭР-1200 ռեակտորով: Ընկերությունը պետք է ապահովի այդ բլոկի շինարարությունն ու դրա շահագործումը:
Նա նաև նշել է, որ «Ռոսատոմի» ձեռնարկություններում Հայաստանի ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի «միջուկային կղզու» համար արդեն պահեստավորված են սարքավորումները: «Ռոսատոմում» համոզված են, որ այս համաձայնագրի ստորագրումը կդառնա նախագահի Հայաստան կատարած այցի կարևորագույն իրադարձություններից:
Հայաստանի կառավարությունը հուլիսի 29-ին համաձայնել է Հայաստանի տարածքում միջուկային նոր էներգաբլոկների սարքավորման նպատակով ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին առաջարկությանը:
Նախկինում կառավարությունը համաձայնություն էր տվել նաև Հայաստանում կառուցվող միջուկային նոր էներգաբլոկը ռուսական հիդրոէներգետիկայի ռեակտորներով զինելու, ինչպես նաև ռուս-հայկական համատեղ «Մեծամորէներգատոմ» ՓԲԸ ստեղծելու համար: