1991-ի սեպտեմբերի 2-ինԼեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Նիստում ընդունվեց ԼՂՀ Անկախության հռչակագիրը:
Հռչակագրում, մասնավորապես, ասվում է, որ ԼՂՀ-ն օգտվում է ԽՍՀՄ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված լիազորություններից և իրավունք ունի ինքնուրույն որոշել իր պետաիրավական կարգավիճակը քաղաքական խորհրդակցությունների և երկրի ու հանրապետությունների ղեկավարության հետ բանակցությունների հիման վրա: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մինչև Սահմանադրության և ԼՂՀ օրենքների ընդունումը, գործում են ԽՍՀՄ օրենքները և Սահմանադրությունը, ինչպես նաև ներկայում գործող օրենքները, որոնք չեն հակասում Հռչակագրի և Հանրապետության յուրահատկությունների նպատակներին ու սկզբունքներին: