2 սեպտեմբերի 2010 - 17:57 AMT
Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի «Զովաշեն» բազայում նշել են ԼՂՀ անկախության օրը

Սեպտեմբերի 2-ին Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի «Զովաշեն» բազայում բազմաթիվ երիտասարդների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված ԼՂՀ անկախության օրվան: Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես են եկել հայաստանյան պետական և մասնավոր բուհերի ուսանողները:

Կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը անդամ տասնյակ հազարավոր երիտասարդների անունից շնորհավորանք է հղել արցախահայությանը` Անկախության 19-ամյակի առթիվ: Շնորհավորանքում ասված է.

«Սիրելի արցախցիներ, շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Արցախի անկախության 19-րդ տարեդարձը մենք նշում ենք` վերահաստատելով ազատության պայմաններում ապրելու արցախցի ժողովրդի ձգտումը: Անցած տարիները հստակ ցույց տվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսունակությունն ու ժողովրդի վճռականությունը` կերտելու ազատ, ապահով և արդյունավետ պետություն:

Այդ դժվարին ճանապարհին հերոսի մահով ընկան բազմաթիվ հայորդիներ, որոնց երազանքն էր տեսնել ազատ ու ծաղկուն Արցախ: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առջև:

Համոզված եմ, որ Արցախում իրականացվող ծրագրերը ձևավորելու են կյանքի նոր որակ և զգալիորեն բարձրացնելու են ժողովրդի կենսամակարդակը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ԼՂՀ անկախության օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ անամպ երկինք, երջանկություն ու բարեկեցություն»: Այս մասին հաղորդում է Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի մամլո ծառայությունը:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2008թ. ապրիլին` նպատակ ունենալով միավորել հայ երիտասարդությանն ընդհանուր գաղափարների շուրջ: Լինելով քաղաքականապես անկախ` կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունն է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Մինչ օրս կենտրոնն անց է կացրել մոտ 120 զանազան միջոցառումներ:

Կենտրոնի գործունեության հայեցակարգային ուղղություններից է Արցախի երիտասարդության հետ կապերի ամրապնդումը: 2009թ. ապրիլի 19-ին Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության հետ կնքվել է համագործակցության մասին համաձայնագիր, որով սահմանվել են ապագա համագործակցության ուղղությունները: