Սեպտեմբերի 2-ին, Արցախում մեծ հանդիսավորությամբ բացվեց Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոցը, որն իր ընդհանուր մակերեսով (3500քառ.մ) գերազանցում է նախկինում Հիմնադրամի կառուցած դպրոցները եւ առանձնանում իր ճարտարապետական հետաքրքիր լուծումներով: Նորակառույցի արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամ: Դպրոցը կառուցվել և կահավորվել է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի (ամերիկահայ բարերար Ջերալդ Թրփանջյան և ԼՂՀ կառավարության համաֆինանավորմամբ):
Արարողությանը մասնակցեցին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԼՂՀ նախկին նախագահ , ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Հայաստան»համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը, ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ Արա Ագիշյանը, այլ պաշտոնատար անձինք եւ հյուրեր:
Դպրոցն օրհնելուց և օծելուց հետո Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը մաղթեց, որ Աստծո ձեռքը պահապան լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք սուրբ երրորդությանը:
Այս ոչ տիպային կառույցը բաղկացած է երեք մասնաշենքից` ուսումնական, վարչական և մարզական: Դպրոցի կիսակլոր ապակեպատ մուտքը ապահովում է առավելագույն լուսավորություն: Գլխավոր մուտքից դեպի ուսումնական մասնաշենք և մարզադահլիճ աշակերտների տեղաշարժն ապահովելու նպատակով տրվել են արդյունավետ լուծումներ: Վարչական հատվածի կլոր աստիճանավանդակն առանձնակի գեղեցկություն է հաղորդում դպրոցի նախասրահին: Շենքն ապահովված է էվակուացիոն ելքերով:
25 դասասենյակից բացի դպրոցական համալիրն ունի ֆիզիկայի, քիմիայի, աշխատանքի ուսուցման ու ռազմագիտության կաբինետներ, համակարգչային դասասենյակ, գրադարան, ճաշարան, բուժկետ, ուսուցչանոց, տնօրենի առանձնասենյակ, մարզադահլիճ ու սպորտհրապարակ: Շենքի ջեռուցումը կիրականացվի կաթսայատան միջոցով:
Դպրոցի տարածքն ասֆալտապատվել է, բարեկարգվել: Կանաչ գոտում դպրոցի սաների ուժերով սիզամարգեր են ստեղծվել:
560 աշակերտի համար նախատեսված եռահարկ դպրոցում նոր ուսումնական տարում կսովորի ավագ դպրոցի շուրջ 400 աշակերտ: Միջին և ցածր դասարանցիներն ուսումը կշարունակեն մանկապարտեզի հին շենքում տեղակայված նախկին դպրոցում: Տնօրեն Աիդա Գրիգորյանի խոսքով` դպրոցի ղեկավարությունը փորձում է դասաժամերը կազմակերպել այնպես, որ ցածր ու միջին դասարանների աշակերտները ևս օգտվեն նորակառույց դպրոցի հնարավորություններից, մասնավորապես` սպորտհրապարակից, մարզադահլիճից, գրադարանից եւ համակարգչային դասարանից:
Օգոստոսի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախ կատարած ծրագրի շրջանակներում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, այլ պաշտոնատար անձանց եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ուղեկցությամբ եղավ նաև Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոցում: