Բեհլուլ Օզքան. «Իլհամ Ալիևը չի ուզում, որ ղարաբաղյան հակամարտությունը Թուրքիան լուծի»

Բեհլուլ Օզքան. «Իլհամ Ալիևը չի ուզում, որ ղարաբաղյան հակամարտությունը Թուրքիան լուծի»

PanARMENIAN.Net - «Պաշտոնական Անկարան գտնում է, որ Հայաստանի շրջափակումն ու փակ սահմանների քաղաքականությունը իրեն չի արդարացրել: Սակայն Ղարաբաղի գործոնը դեռևս բավականին ուժեղ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում», - Երևանում տեղի ունեցած սեմինարի ընթացքում հայտարարել է Ստամբուլի Բոգազչի համալսարանի արտաքին քաղաքականության փորձագետ Բեհլուլ Օզքանը: Նրա կարծիքով, հարաբերությունների կարգավորման համար պետք է բացել սահմանը և Երևանում Թուրքիայի դեսպանատուն, իսկ Ղարաբաղն այդ հարցում գործ չունի: «Դա իմ անձնական տեսակետն է և ես վստահ եմ, որ այդպես մեր հարաբերություններն արագորեն կկարգավորվեն: Բոլորովին նորմալ չէ, որ Հայաստանից Թուրքիա երեք ժամ գնալու փոխարեն մի ամբողջ օրվա ընթացքում ենք գնում», - նշել է նա:

Միաժամանակ նա գտնում է, որ ներկայում Իլհամ Ալիևը չի ուզում ղարաբաղյան հակամարտության լուծումը: «Նա նաև չի ուզում, որ հակամարտությունը Թուրքիան լուծի: Այդ դեպքում նա կկորցնի իր վարկանիշը սեփական ժողովրդի աչքում: Կոպիտ ասած, Ալիևը թքել է փակ սահմանների և տարածաշրջանային բոլոր հարցերի վրա: Նրա համար կարևորը դեմքը պահպանելն է: Ադրբեջանի ժողովուրդը թշնամու կերպարի կարիք է զգում, որպեսզի միավորվի: Վաղը եթե բոլոր հարցերը լուծվեն, ապա Ալիևը դժվար կացության մեջ կլինի», - ասել է թուրք փորձագետը:

Բեհլուլ Օզքանն ընդգծել է, որ Թուրքիան, հավանաբար, միակ երկիրն է, որը ղարաբաղյան հակամարտության լուծումն է ուզում: «Ճիշտ է, այդ է ուզում նաև Հայաստանը, և մենք այդ հարցում կարող էինք պայմանավորվածությոն ձեռք բերել: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար երկրորդ տասնյակում է: Առաջին տեղում են` Սիրիայի հետ սահմանի ճշտումը, ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի հետ հարաբերությունները: Մի շարք հարցեր գոյություն ունեն, որոնք պետք է լուծի ԱԳՆ-ն: Այս ամենից հետո միայն, 20 տարի անց կարելի է ղարաբաղյան հակամարտությունը լուծել», - ասել է նա:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---