Մոսկվայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Սեպտեմբերի 8-ին մեկնարկեցին հունահռոմեական ոճի ըմբիշները վերջին 74 կգ քաշային կարգում, ինչպես նաև կին ըմբիշները: 74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է 2009թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Նա սկսեց իր ելույթները եզրափակչի 1/16 –ից, որտեղ հաղթեց Ֆրանսիսկո Բարրիոյին Արգենտինայից: Այնուհետև եզրափակչի 1/8 Ջուլֆալակյանը հաղթեց սլովակ Յուրե Կուխարին:
Հայ ըմբիշի համար ծանր էր պայքարը կիսաեզրափակիչ դուրս գալու համար ղրղըզ Դանիյար Կոբոնովի հետ: Ջուլֆալակյանը հաղթեց առաջին շրջանում և առաջ էր հաշվում երկրորդ շրջանում, երբ ղրղըզ ըմբիշի մարզչական շտաբը բողոքարկեց մրցավարների որոշումը: Սակայն Կոբոնովին միավորներ չտվեցին և Ջուլֆալակյանը հաղթեց 5:0 ընդհանուր հաշվով ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն էր ճապոնացի Տակիհիրո Կանակուբոն:
Ջուլֆալակյանը համոզիչ հաղթանակ տարավ այդ մենամարտում` ավարտելով հանդիպումը 4:0, 1:0. հաշվով: Եզրափակչում Ջուլֆալակյանը կհանդիպի թուրք Սելջուկ Չեբիի հետ:
ԱԱ լուսաբանման գործում PanARMENIAN.Net-ին աջակցում է «Արմավիա» ավիաընկերությունը: