Մահացած էդուարդ Մարգարյանի դասընկերները պնդում են, որ նրա հակառակորդ Մամեդը դասի է եկել հարբած: «Երեքշաբթի օրը Մամեդը դպրոց եկավ հարբած: Վիճաբանեց բոլորի, այդ թվում` Էդիկի հետ, որը նրան ինչ-որ բան պատասխանեց: Այդ ժամանակ Մամեդն առաջարկեց դասերից հետո հանդիպել և ամեն ինչ պարզաբանել»,- ասել է թիվ 501 դպրոցի աշակերտուհիներից մեկը:
Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, 9-րդ դասարանցի Մամեդը դպրոց էր եկել վերջերս, բայց նույնիսկ այդ ընթացքում հասցրել էր կռվարարի համբավ ձեռք բերել: Նա հաշվառման է կանգնած ոստիկանության մանկական սենյակում: Մոսկվայի թիվ 501 դպրոցի աշակերտը մահացել է սեպտեմբերի 7-ին ծեծկռտուքի ժամանակ: Ականատեսների խոսքերով, 17-ամյա Էդուարդ Մարգարյանը մահացել է ադրբեջանցի Մամեդ Մ.-ի հասցրած հարվածից հետո: Երբ շտապ օգնությունը հասավ պատահարի վայր, Էդուարդն արդեն մահացել էր: Բժիշկները միայն արձանագրել են տղայի մահը: