«Ես Հայաստան եմ ժամանել, որպեսզի պատմեմ տիկնիկային անիմացիոն ֆիլմերի ստեղծման տեխնիկայի և, մասնավորապես, Aardman ստուդիայի մոտեցումների մասին»,- սեպտեմբերի 10-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Aardman ստուդիայի 3D անիմատոր Փոլ Սմիթը: Նա նշել է նաև, որ Հայաստանում անցկացվելիք սեմինարների համար ինքը հատուկ բերել է Aardman և Dream Works animations ստուդիայի «Ուոլլես և Գրոմիտ» հանրահայտ անիմացիոն ֆիլմի պլաստիլինե ֆիգուրները: «Ես կբացահայտեմ նաև տիկնիկների զանազան մասերի ներքին կառուցվածքի և ամրացման գաղտնիքներն ու Բրիստոլի ստուդիայի (Մեծ Բրիտանիա) տիկնիկային անիմացիայի ստեղծման մոտեցումները»,- նշել է Փոլ Սմիթը:
Անիմատորն ավելացրել է, որ սեմինարի ժամանակ ինքը կպատմի նաև մեկ ֆիլմի շուրջ մեծ կոլեկտիվի աշխատանքի մասին, և առանձին կխոսի տիկնիկային մուլտֆիլմերում հատուկ էֆֆեկտների օգտագործման մասին:
Փոլ Սմիթի առաջին սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին: Սեմինարի ընթացքում գովազդային հոլովակների օրինակով կդիտարկվեն անիմացիայի հմտությունները: