Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) և ԱՄՆ Օհայո նահանգի Բատտելլի անվան ինստիտուտը համագործակցության պայմանագիր են ստորագրել, համաձայն որի Բատտելլի անվան ինստիտուտի Հյուսիս-արևմտյան խաղաղօվկիանոսյան ազգային լաբորատորիայի հովանավորությամբ աշնանը ՀՊՃՀ-ում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, կկազմակերպվեն դասընթացներ և սեմինարներ, որոնք կեզրափակվեն նոյեմբերին կայանալիք միջազգային համաժողովով, որին ներկա կլինեն մասնակիցներ ավելի քան 9 երկրներից (Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Տաջիկստան և այլն):
Ինչպես հաղորդում է ՀՊՃՀ հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժինը, պայմանագրով նախատեսված գրեթե բոլոր աշխատանքները համահունչ են մոտ ապագայում Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրին և ՀՀ կառավարության կողմից որդեգրած ատոմային էներգետիկայի բնագավառի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու ազգային քաղաքականությանը և որոշմանը: Վերջինիս համաձայն` նախատեսվում է ՀՊՃՀ «Ջերմաէներգետիկա (ներառյալ` ատոմային էլեկտրական կայաններ և սարքավորումներ)» և «Ավտոմատացում և կառավարում (ատոմային էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությունների գծով 2011/2012 ուս.տարվանից մինչև 2019/2020 ուս. տարի բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերում հատկացնել հավելյալ տեղեր պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), այդ մասնագիտություններով բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողների և դասավանդող դասախոսական կազմի համար կազմակերպել պրակտիկա և վերապատրաստման կուրսեր արտերկրի առաջնակարգ ուսումնական հաստատություններում, ավարտելուց հետո նշված ուսանողներին ապահովել աշխատանքով ՀՀ նոր էներգաբլոկի շահագործող կազմակերպությունում, տպագրել մասնագիտական դասագրքեր ու ուսումնական ձեռնարկներ և մի շարք այլ դրույթներ: